1 դեկտեմբերի 2012 - 15:29 AMT
Առաքելական Սուրբ Եկեղեցին տոնում է Ս. Թադեոս և Ս. Բարդուղիմեոս առաքյալների հիշատակը

Դեկտեմբերի 1-ին Առաքելական Սուրբ Եկեղեցին տոնում է Ս. Թադեոս և Ս. Բարդուղիմեոս առաքյալների հիշատակը: Այս մասին PanARMENIAN.Net-ին հայտնում են Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից:

Տոնի նախօրեին` նախատոնակի արարողության ժամանակ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ Միածնաէջ Ս. Տաճար էին բերվել Մայր Աթոռում պահվող Ս. Թադեոս և Ս. Բարդուղիմեոս առաքյալների մասունքները:

Մայր Տաճարում մատուցվել է Սուրբ Պատարագ: Պատարագիչն էր Մայր Աթոռի միաբան Տ. Հուսիկ աբեղա Սմբատյանը:

Անդրադառնալով տոնի խորհրդին` պատարագիչ Մայր Աթոռի միաբան Տ. Հուսիկ աբեղա Սմբատյանն իր քարոզում նշել է. «Երանելի առաքյալների լուսավորչական գործունեությունը միայն պատմություն կամ ավանդություն չէ, այլ նախևառաջ հավատի և սիրո կենդանի վկայություն և քարոզ: Մինչև իրենց քարոզչությունն ու նահատակությունը երանելի առաքյալները եղան ականատեսն ու ականջալուրը Քրիստոսի քարոզների ու հրաշքների: Իրենց կյանքով ու գործունեությամբ ապրելով Տիրոջ բերած բարի լուրի խորհուրդը` նրանք դարձան Հայ Առաքելական Եկեղեցու հիմնարար սյուները և լավագույն օրինակը քրիստոնեության զորության ու կենսունակության: Սրբազան առաքյալներն իրենց կյանքի օրինակով ցույց տվեցին մեզ, որ Քրիստոսի մասին իրական վկայությունը չի կարող սահմանափակվել պարզապես ուսմունքի վերացական ընդունմամբ և ոչ էլ հավատի սկզբունքների ու բարոյական նորմերի մեկնաբանությամբ: Իր էության և հիմքի մեջ քրիստոնյայի վկայությունը կենդանի վկայություն է կենդանի Քրիստոսի մասին, ով անսահմանորեն սիրում է մեզ, ցանկանում է երկխոսության մեջ մտնել մեզ հետ և ուղեկցել մեզ մեր երկրային կյանքի ճանապարհին»:

Ս. Պատարագի ավարտին արարողությանը մասնակից հավատացյալ ուխտավոր հայորդիները հնարավորություն են ունեցել հաղորդակից լինելու մասունքների սրբարար զորությանն ու օրհնությանը: