1 դեկտեմբերի 2012 - 15:31 AMT
Ժոզե Մանուել Բարոզու. ՀՀ-ԵՄ քաղաքական հարաբերություններում առաջընթաց է գրանցվել

ՀՀ-ԵՄ քաղաքական հարաբերություններում առաջընթաց է գրանցվել և Հայաստանը հաջողությամբ շարունակում է իրականացնել բարեփոխումները տարբեր ոլորտներում: Այս մասին այսօր ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի հետ հանդիպման ժամանակ ասել է Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարոզուն:

ՀՀ ԱԺ նախագահը հանդիպման ժամանակ նշել է, որ Բարոզուի այցը Հայաստան այն փաստի վկայությունն է, որ ՀՀ-ԵՄ հարաբերությունները գտնվում են բարձր մակարդակի վրա: Հովիկ Աբրահամյանը շեշտել է, որ ԵՄ-ի հետ մերձեցումը և եվրաինտեգրման քաղաքականությունը եղել և շարունակում է մնալ ՀՀ արտաքին քաղաքականության կարևորագույն առաջնահերթություններից:

ԱԺ նախագահը նաև նկատել է, որ Հայաստանը ցանկություն է հայտնել 2014թ. Եվրանեսթ Խորրհրդարանական վեհաժողովն ընդունել Երևանում, ինչի մասին ԵԺԿ Արևելյան գործընկերության առաջնորդների 2-րդ գագաթաժողովի ժամանակ ևս հայտարարվեց: Հովիկ Աբրահամյանը հույս է հայտնել, որ Եվրոպական հանձնաժողովը բարձր մակարդակով ներկայացված կլինի Վեհաժողովում, ինչը ավելի արդյունավետ կդարձնի Արևելյան գործընկերության շրջանակում իրականացվող ծրագրերը:

Ինճպես PanARMENIAN.Net-ին հայտնում են ԱԺ Հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, Եվրոպական հանձնաժողովի նախագահը անհրաժեշտ է համարել Հայաստան-Եվրամիություն փոխգործակցության խորացումը երկկողմ և բազմակողմ ձևաչափերով: Եվրամիության հետ քաղաքական ասոցացման և տնտեսական ինտեգրման գործում նա կարևոր է համարեց խորհրդարանի դերակատարությունը: