1 դեկտեմբերի 2012 - 15:45 AMT
Բարոզու. Արդար և թափանցիկ նախագահական ընտրությունները կնպաստեն ԵՄ-ՀՀ համագործակցության խորացմանը

Եվրահանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարոզուն ողջունում է Հայաստանում մայիսին անցկացված խորհրդարանական ընտրությունները և հույս հայտնում, որ նախագահական ընտրությունները ևս կանցնեն արդար և թափանցիկ, ինչը մեծապես կնպաստի Հայաստանի հետագա առաջընթացին և ԵՄ-ՀՀ համագործակցության խորացմանը: Այս մասին Ժոզե Մանուել Բարոզուն հայտնել է ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի հետ հանդիպման ժամանակ:

Ինչպես PanARMENIAN.Net-ին հայտնում են ԱԺ Հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, հանդիպման ժամանակ Հովիկ Աբրահամյանը շեշտել է, որ Հայաստանի խորհրդարանական ընտրությունները անցել են ժողովրդավարական չափանիշներին համապատասխան, ինչի մասին վկայում են նաև միջազգային դիտորդական առաքելությունները: Հովիկ Աբրահամյանը նաև ընդգծել է, որ ՀՀ իշխանությունները հաստատակամ են 2013 թ. փետրվարին էլ ավելի թափանցիկ և միջազգային չափանիշներին համապատասխան նախագահական ընտրություններ անցկացնել: