30 մայիսի 2005 - 08:41 AMT
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՎԱՐՉԱՊԵՏԸ ՄԵԿՆԵԼՈՒ Է ՎՐԱՍՏԱՆ
Հայաստանի վարչապետ Անդրանիկ Մարգարյանի գլխավորած պատվիրակությունը հունիսի 1-3-ը աշխատանքային այցով կմեկնի Վրաստան` մասնակցելու ԱՊՀ անդամ պետությունների կառավարությունների ղեկավարների խորհրդի հերթական նիստին, տեղեկացնում է ՀՀ ԱԺ մամուլի ծառայությունը: Նիստի ընթացքում քննարկվելու են առեւտրատնտեսական, ֆինանսական, ինչպես նաեւ հումանիտար ոլորտներում համագործակցությանը վերաբերող հարցերի լայն շրջանակ: Մասնավորապես, նախատեսված է քննարկել փոխադարձ առեւտրում սահմանափակումների փուլային վերացման մասին արձանագրությանը, ԱՊՀ անդամ պետությունների ազգային շուկաներ ապրանքների ու ծառայությունների տարածման համար տեղեկատվական-մարկետինգային կենտրոնների ցանցի ստեղծման միջպետական ծրագրի ժամկետի երկարաձգմանը, ԱՊՀ մարմինների միասնական բյուջեից ֆինանսավորվող Համագործակցության մարմիններում աշխատանքի վարձատրման համակարգին առնչվող հարցեր: Նախատեսվում է նաեւ 20-ից ավելի փաստաթղթերի ստորագրում` առեւտրի ու տնտեսության, բնապահպանության, առողջապահության, ինչպես նաեւ ռազմատեխնիկական ոլորտներում: Հունիսի 2-ին ԱՊՀ անդամ պետությունների ղեկավարներին կընդունի Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին: Վրաստան այցի շրջանակներում նախատեսված են ՀՀ վարչապետի երկկողմ հանդիպումները, մասնավորապես, Վրաստանի խորհրդարանի նախագահ Նինո Բուրջանաձեի, վարչապետ Զուրաբ Նոգաիդելիի հետ, ինչպես նաեւ կկայանան հայկական պատվիրակության բանակցությունները Վրաստանի կառավարության ներկայացուցիչների հետ: