1 դեկտեմբերի 2012 - 16:57 AMT
ՄԱԿ-ում ՀՀ դեսպան. Կանանց դերը կարևոր է հատկապես հակամարտություններից տուժած տարածաշրջաններում

Նոյեմբերի 30-ին ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը, այս տարվա ընթացքում արդեն երրորդ անգամ անդրադարձել է «Կանայք, խաղաղություն ու անվտանգություն» թեմային, որի քննարկմանը ելույթներով հադես է եկել նաև կազմակերպությունում Հայաստանի դեսպանը: Այս մասին PanARMENIAN.Net-ին հայտնում են ԱԳՆ մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Կարեն Նազարյանը բարձր է գնահատել հասարակական կառույցների կողմից ազգային ու միջազգային մակարդակներում տարվող աշխատանքները, նշել որ կանանց նկատմամբ բռնությունների մասշտաբի, հաճախականության ու դրանց ազդեցության մասին տեղեկատվական դաշտի անբավարար լինելու պատճառով դանդաղում է համապատասխան ու արդյունավետ կանխարգելող իրավական բարեփոխումների ու գործողությունների մշակումը և իրականացումը:

Կարեն Նազարյանը կարևորել է կանանց քաղաքական մասնակցությունը` մասնավորապես հակամարտություններից տուժած տարածաշրջաններում ու այդ համատեքստում հույս հայտնել, որ քաղաքացիական հասարակության համար մշակված Լեռնային Ղարաբաղի հարցի խաղաղ կարգավորման եվրոպական գործընկերության ծրագիրը նույնպես կարող է օգտակար լինել հակամարտության բոլոր երեք կողմերի ԶԼՄ-ների ու հասարակական կառույցների ներկայացուցիչների միջև երկխոսություն խթանելու համար:

Որպես Ֆրանկոֆոնիայի նորընտիր անդամ, Կարեն Նազարյանը նշել է նաև որ, Հայաստանը ողջունում է ՄԱԿ-ի գենդերային հավասարության և կանանց առաջխաղացման (UN Women) ու Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության միջև համագործակցության մասին շրջանակային համաձայնագրի ստորագրումը: