30 մայիսի 2005 - 09:14 AMT
Վ.ՕՍԿԱՆՅԱՆ. ՀԱՅԱՍՏԱՆԻՆ ՀԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՉԵՆ ՍՊԱՌՆՈՒՄ
«Ժամանակին Հայաստանը հաղթահարել է հեղափոխական իրադարձությունները, եւ դրանք մեզ էլ չեն սպառնում»,- լրագրողների հետ զրույցում հայտարարել է Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանը: Նրա խոսքերով` Հայաստանը նախընտրում է հետեւողական էվոլյուցիոն զարգացում, եւ ոչ թե հեղափոխական փոփոխություններ: Նախարարը մեկնաբանել է նաեւ ՎՈՒԱՄ-ին Հայաստանի միանալու հնարավորության մասին Ուկրաինայի Գերագույն Ռադայի նախագահ Վլադիմիր Լիտվինի հայտարարությունը: Նրա խոսքերով` հայկական կողմին նման առաջարկություն չի արվել, իսկ եթե առաջարկվի, ապա պաշտոնական Երեւանն այն կքննարկի: «Սակայն ցանկացած կազմակերպություն ընդգրկվելու համար, առաջին հերթին, անհրաժեշտ է հավատալ այդ կազմակերպության ակզբունքներին եւ նպատակին: Որպես կազմակերպություն ՎՈՒԱՄԸ առայժմ ինքն է վերանայում իր նպատակներն ու ծրագրերը, այնտեղ դեռեւս շատ անորոշություններ կան»,- նշել է նախարար Օսկանյանը, տեղեկացնում է «Ռեգնում» լրատվական գործակալությունը: