1 դեկտեմբերի 2012 - 17:31 AMT
Compass band-ի «Sweetie baby» երգն այսօր կհնչի «Մանկական Եվրատեսիլում»

Այսօր՝ դեկտեմբերի 1-ին, Ամստերդամի «Հեյնիկեն» համերգասրահում տեղի կունենա «Մանկական Եվրատեսիլ 2012» երգի մրցույթը: Հայաստանը 8-րդ համարի ներքո կներկայացնի Compass band-ն իր «Sweetie baby» երգով: Չորս տղաները՝ Դավիթ Պարոնիկյանը, Արշավիր Գրիգորյանը, Արամ Ծատուրյանն ու Աբրահամ Ազնաուրյանը կներկայանան «Բիթլզի» ոճով և կմրցեն 11 այլ երկրների ներկայացուցիչների հետ: Ալբանիան, Ադրբեջանը և Իսրայելն այս տարի առաջին անգամ կմասնակցեն մրցույթին, իսկ Բուլղարիան, Լատվիան, Լիտվան և Մակեդոնիան հրաժարվել են մասնակցությունից:

Համերգը կսկսվի երևանյան ժամանակով 23:15-ին և կհեռարձակվի Հայաստանի Հանրային Հեռուստաընկերության ուղիղ եթերում: Մրցույթը կվարեն Էվուտ Գենեմանսը և Կիմ-Լիան վան դեր Մեյը: Իսկ հայաստանյան քվեարկության արդյունքները կհայտնի Միքայել Վարոսյանը, որը Compass band-ի կազմում հանդես էր եկել նախընտրական փուլում և չմեկնեց Ամստերդամ տարիքային չափանիշներին չհամապատասխանելու պատճառով:

«Մանկական Եվրատեսիլն» այս տարի կանցկացվի 10-րդ անգամ և կազմակերպվել է AVRO հոլանդական հեռուստաալիքի կողմից: Մրցույթը կրում է «Break the Ice» («Կոտրի՛ր սառույցը») կարգախոսը: Բեմի ամբողջ ձևավորումը լինելու է սառույցի թեմայով, նույնպիսին է լինելու նաև մրցանակը: Համերգի ժամանակ` քվեարկության միջոցին, բոլոր երկրների մասնակիցները միասին կկատարեն մարդասիրական երգ, որը հատուկ գրվել է «Մանկական Եվրատեսիլ 2012»-ի համար:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 30-ին կայացավ «Մանկական Եվրատեսիլ 2012-ի» հայաստանյան նախընտրական փուլը, որտեղ հաղթող ճանաչվեց Compass band խումբը «Sweetie baby» երգով: