ԿԸՀ. Մուկուչյանը հանձնաժողովների անդամներին չի հորդորել տնից թանաք բերել

PanARMENIAN.Net - Այսօր ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը հանձնաժողովի քարտուղար Արմեն Սմբատյանի հետ այցելել է թիվ 1 ընտրատարածքի 2 տասնյակից ավելի ընտրական տեղամասեր: ՀՀ ԿԸՀ նախագահը հանդիպել և զրուցել է թեկնածուների վստահված անձանց հետ, այդ թվում` Ստյոպա Սաֆարյանի վստահված անձանց, որոնք փաստել են, որ քվեարկության ընթացքում որևէ խախտում չեն նկատել: Միայն մի քանի տեղամասերում արձանագրվել են խնդիրներ` անձը հաստատող փաստաթղթի դրոշմակնքման թանաքանյութի վերաբերյալ: Խնդիրը, սակայն, ԿԸՀ նախագահի այցելության պահին արդեն կարգավորված է եղել:

Տեղեկությունը, թե «ԿԸՀ նախագահը հանձնաժողովների անդամներին հորդորել է տնից թանաք բերել ու շուտ օքսիադացող թանաքը մշտական թանաքներով փոխարինել», չի համապատասխանում իրականությանը, իսկ նման զրույցներ որևէ անձի հետ ընդհանրապես տեղի չեն ունեցել:

ԿԸՀ նախագահի այցելած տեղամասերում չեն նկատվել մարդկային կուտակումներ տեղամասային կենտրոնների դիմաց: Այցելություններն ընտրական տեղամասեր իրականացվել են առանց որևէ մեկին նախապես զգուշացնելու, հայտնում է ԿԸՀ մամուլի ծառայությունը:

Հիշեցնենք, որ այսօր Երևանի թիվ 1 և Շիրակի մարզի թիվ 35 ընտրատարածքներում մեծամասնական ընտրակարգով պատգամավորական լրացուցիչ ընտրություններ են:

Երևանի թիվ 1 ընտրատարածքն ընդգրկում է Նոր Նորք մի մասն ու Ավան վարչական շրջանը: Պատգամավորական մանդատի համար պայքարում են երեք թեկնածուներ՝ հանրապետական Ռոբերտ Սարգսյանը, ժառանգական Ստյոպա Սաֆարյանն ու ՀԺԿ-ից Էդուարդ Պետրոսյանը:

Թիվ 1 և 35 ընտրատարածքներում լրացուցիչ ընտրություններն անցկացվում են ՀՀԿ-ական Ռուբեն Հայրապետյանի և ԲՀԿ անդամ Սամվել Բալասանյանի պատգամավորական մանդատները վայր դնելու պատճառով:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---