30 մայիսի 2005 - 10:23 AMT
ԵՐԵՎԱՆՈՒՄ ՀԱՐԳԵԼ ԵՆ ԲԵՍԼԱՆԻ ԱՀԱԲԵԿՉՈՒԹՅԱՆ ԶՈՀԵՐԻ ՀԻՇԱՏԱԿԸ
Երեւանի Հայ-ռուսական պետական համալսարանի (Սլավոնական) տարածքում այսօր կայացել է հանրահավաք` նվիրված Բեսլանում կատարված ողբերգական իրադարձությունների մոտակա տարելիցին, ինչպես նաեւ նվիրված հունիսի 1-ին` Մանուկների պաշտպանության օրվան, տեղեկացնում է «Ռեգնում» լրատվական գործակալությունը: «Նոր սերնդի խաղաղ մանկության պահպանում», «Ոչ, ահաբեկչությանը», «Ահաբեկչությունը սպառնալիք է խաղաղության համար»` նման կարգախոսերով շուրջ 1000 մարդ դուրս էր եկել հանրահավաքի, նրանց թվում էին Հայաստանի ուսանողական երիտասարդության, հասարակական քաղաքական շրջանակների, դիվանագիտական առաքելության ներկայացուցիչներ: Միջոցառման ընթացքում հրապարակվել էր Հյուսիսային Օսիա-Ալանիայի Հանրապետության խորհրդարանի դիմումը` «Բեսլանի կոչը», աշխարհի խորհրդարանականներին եւ ժողովուրդներին, ինչպես նաեւ «Գոհության այգում» իրականացվել է առանց ռասայական, կրոնական, քաղաքական եւ այլ տարբերակումների բարի կամքի մարդկանց ստորագրահավաք` ի օգուտ ահաբեկչությունից մանուկների պաշտպանման եւ հանուն ողջ մարդկության ապագայի: Հանրահավաքում խոսքով հանդես են եկել «Ռուսաստան» եւ «Ռուսաստանի բարեկամներ» հասարակական կազմակերպությունների նախագահներ Յուրի Յակովենկոն եւ Ալբերտ Պապովը: Խոսք են խնդրել նաեւ Ռուս-հայկական պետական համալսարանի (Սլավոնական) ռեկտոր Արմեն Դարբինյանը եւ Հայաստանի բուհերի ուսանողական խորհրդի նախագահները: Պատվավոր հյուրերի թվում էր Ռուսաստանի Դաշնության նախագահի աշխատակազմի արտերկրների հետ միջտարածաշրջանային եւ մշակութային կապերի վարչության պետ Մոդեստ Կոլերովը: