3 դեկտեմբերի 2012 - 11:31 AMT
Արամ Կարապետյանը իր թեկնածության առաջադրման որոշումը կկայացնի միանձնյա

Դեկտեմբերի 1-ին «Կոնգրես» հյուրանոցում տեղի է ունեցել «Նոր Ժամանակներ» կուսակցության ակտիվի հերթական հավաքը:

Հանդիպման մասնակիցների թվում են եղել ՆԺԿ տարածքային կառույցների ղեկավարները:

Ինչպես PanARMENIAN.Net-ին հայտնում են ՆԺԿ մամուլի ծառայությունից, կուսակցության նախագահ Արամ Կարապետյանը ներկայացրել է առաջիկա նախագահական ընտրություններին կուսակցության մասնակցության խնդրի քաղաքական, հասարակական և սոցիալական ասպեկտները, որից հետո ներկաներին առաջարկել՝ կարծիքներ հնչեցնել` ընտրությունների նկատմամբ հասարակության մոտ առկա ակնկալիքների մասին: «Ներկաների ճնշող մեծամասնությունը համոզմունք հայտնեց, որ Հայաստանում տիրող վայրի անօրինականության մթնոլորտում ընտրություններով որևէ վիճակ փոխելն ուղղակի անհնար է դարձել, իսկ հասարակության մոտ գերիշխում են նախահեղափոխական տրամադրությունները»,- ասված է տարածած հաղորդագրության մեջ:

Ժողովը միաձայն առաջարկել է, որ ՆԺԿ նախագահ Արամ Կարապետյանն իր թեկնածության առաջադրման հարցի մասին որոշումը կայացնի միանձնյա` ելնելով առաջիկա քաղաքական զարգացումներից: