30 մայիսի 2005 - 11:48 AMT
ՄԵՐԶԼՅԱԿՈՎԸ ՀՈՒՅՍ ՈՒՆԻ, ՈՐ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԻՄՆԱԽՆԴՐԻ ԼՈՒԾՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ ԿԱՌՈՒՑՈՂԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄ ԿՈՒՆԵՆԱ
ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահ Յուրի Մերզլյակովը գոհ է անցյալ շաբաթ Բաքու կատարած այցի արդյունքներից: Նրա խոսքերով` «տպավորությունները շատ լավն են, Ադրբեջանի արտաքին գործերի նախարարի հետ բանակցությունները բավականին կառուցողական էին»: «Համենայնդեպս, մենք նախնականորեն ճշտեցինք ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների մասնակցությամբ արտաքին գործերի նախարարների հերթական հանդիպման ժամկետը: Այժմ հեռանկարները պարզ են», - հայտարարել է Յու.Մերզլյակովը: Նա «շատ կարեւոր» է անվանել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ հանդիպումը, որը կայացել է ադրբեջանական կողմի նախաձեռնությամբ: «Մեր վերջին ուղեւորությունը Բաքու միջնորդների տարածաշրջան կատարվող ավանդական այցերի շարքից չէր: Սակայն մենք երախտապարտ ենք Էլմար Մամեդյարովին, որ նա համանախագահներին ընդունելու ժամանակ գտավ: Մենք ունեցանք շատ հետաքրքիր եւ կարեւոր հանդիպում, որը թույլ է տալիս հուսալ, որ գործընթացը հետագայում եւս զարգանալու է կառուցողական հունով», - նշել է Յուրի Մերզլյակովը: