3 դեկտեմբերի 2012 - 14:46 AMT
Հայաստանում կանխիկ դոլարն այս շաբաթ կվաճառվի 406-410 դրամի սահմաններում

Անցած շաբաթ ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա բորսայում ԱՄՆ դոլարի միջին կշռված փոխարժեքն աճել է 0,13 տոկոսով` մինչև 406,53 դրամ: Մեկ շաբաթում սակարկությունների ծավալը կազմել է 14,61 մլն դոլար, ինչը 12,25 տոկոսով քիչ է, քան նախորդ շաբաթ: Կանխիկ դոլարի վաճառքի միջին փոխարժեքը բարձրացել է 0,06 տոկոսով և շաբաթ օրը` դեկտեմբերի 1-ին, կազմել 407,84 դրամ:

Հայաստանի արժութային բորսայում դոլարի միջին կշռված փոխարժեքը նախկինի նման սակարկվում է 405-410,0 դրամի սահմաններում:

«Գալիք շաբաթ Հայաստանում ԱՄՆ դոլարի փոխարժեքը կարող է մի քիչ բարձրանալ կողային տրենդի շրջանակներում: Դա պայմանավորված է պահպանվող ներքին պահանջարկով, ինչպես նաև ԱՄՆ-ում «բյուջետային անկման» սպառնալիքի վերաբերյալ անորոշությամբ: Ամերիկյան արժույթի աճին կնպաստի նաև բնակչության և բիզնեսի կողմից դոլար գնելու բարձրացող ծավալը»,- կարծում են FOREX CLUB-ում: Իսկապես, Հայաստանի ԿԲ մամլո ծառայության ամփոփման համաձայն, ներբանկային շուկայում առևտրային բանկերի կողմից արտարժույթի վաճառքի մաքուր ծավալն անցած շաբաթ կազմել է 12,521 դոլար, ինչը 76,98 տոկոսով ավել է, քան նախորդ շաբաթ:

Սակայն ներքին շուկայում դոլարի արժեքի աճին կարող է խոչընդոտել արտարժույթի աճող առաջարկը Հայաստան փոխանցումների ծավալի ավելացման պատճառով: Դրա հետ կապված կարելի է ենթադրել, որ Հայաստանում կանխիկ դոլարն այս շաբաթ կվաճառվի 406-410 դրամի սահմաններում: