31 մայիսի 2005 - 08:29 AMT
ՌՈՒՍԱՍՏԱՆՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՏԱՐՎԱ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԾՐԱԳԻՐԸ ՊԱՏՐԱՍՏ ԿԼԻՆԻ ՀՈՒՆԻՍԻՆ
Հայաստանի տարածքային կառավարման նախարար Հովիկ Աբրահամյանը հանդիպել է Ռուսաստանի Դաշնության նախագահի աշխատակազմի ղեկավար, Հայաստանում Ռուսաստանի տարվա միջոցառումների անցկացման կազմակերպական կոմիտեի նախագահ Դմիտրի Մեդվեդեւին, հաղորդում է ՀՀ կառավարության մամլո ծառայությունը: Նշելով Հայաստանում Ռուսաստանի եւ 2006թ. Ռուսաստանում Հայաստանի տարվա միջոցառումների անցկացման կարեւորությունը հայ-ռուսական բարեկամության հետագա խթանման գործում, Աբրահամյանը գոհունակություն է հայտնել միջոցառումների բարձր մակարդակով: Դ.Մեդվեդեւը, իր հերթին, շնորհակալություն է հայտնել Հայաստանի կառավարությանը` միջոցառումների կազմակերպմանը շահագրգիռ աջակցություն ցուցաբերելու համար: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Հայաստանում Ռուսաստանի տարվա ծրագրով նախատեսված հետագա միջոցառումների իրականացման ընթացքը, որն ընդգրկում է ինչպես մշակութային, գիտական, կրթական, երիտասարդական, այնպես էլ առեւտրատնտեսական, գործարար կապերի ոլորտները: Զրուցակիցներն ընդգծել են դրանք ոչ միայն երկու երկրների մայրաքաղաքներում, այլեւ մարզերում, առանձին վարչական սուբյեկտներում անցկացնելու կարեւորությունը: