3 դեկտեմբերի 2012 - 18:32 AMT
Ռամիլ Սաֆարովին ներում շնորհելը և հերոսացնելը ԵՄ-ն սադրանք է համարում

Ադրբեջանցի մարդասպան Ռամիլ Սաֆարովին ներում շնորհելը սադրանք է: Այս մասին ասված է նոյեմբերի 28-29-ը Բրյուսելում տեղի ունեցած ԵՄ-Հայաստան խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի նիստում ընդունված հայտարարությունում: Փաստաթղթով դատապարտվում է Ադրբեջանի նախագահի որոշումը, որով ներում է շնորհվել ԵՄ անդամ երկրի դատարանի կողմից դատապարտված մարդասպան Ռամիլ Սաֆարովին, խորը մտահոգություն է հայտնվում վերջինիս` Ադրբեջանին արտահանձնելուց հետո հերոսացման կապակցությամբ, նշվում է, որ այդ քայլը հակասում է միջազգային իրավունքին:

Օգոստոսի 31-ին Ռամիլ Սաֆարովը Հունգարիայի կողմից արտահանձնվեց Ադրբեջանին, որտեղ անհապաղ ներում ստացավ՝ նրան շնորհվեց մայորի կոչում, նոր բնակարան, վճարվեց 8 տարվա աշխատավարձը: Ի պաստասխան Հայաստանը կասեցրեց դիվանագիտական հարաբերությունները Հունգարիայի հետ:

Մինչդեռ հունգարական կողմը պնդում է, որ Բաքուն հավաստիացումներ է տվել, որ Սաֆարովը կշարունակի կրել պատիժն Ադրբեջանում, ոչ պակաս քան 25 տարի:

Ըստ որոշ տվյալների Սաֆարովն արտահանձնվել է Ադրբեջանի կողմից 2-3 մլրդ եվրոյի պարտատոմսեր գնելու Բաքվի խոստման դիմաց: Պաշտոնական Բուդապեշտը դա հերքում է: