31 մայիսի 2005 - 08:58 AMT
Ա.ՂՈՒԿԱՍՅԱՆ. ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂՈՒՄ ԽԱՂԱՂԱՐԱՐՆԵՐԻ ՏԵՂԱԿԱՅՄԱՆ ՄԱՍԻՆ ԽՈՍՔ ԱՆԳԱՄ ԼԻՆԵԼ ՉԻ ԿԱՐՈՂ
«Այսօր խոսք անգամ չի կարող լինել Լեռնային Ղարաբաղում խաղաղապահների տեղակայման մասին: Այնտեղ արդեն 11 տարի է, ինչ պահպանվում է զինադադարը»,-հայտարարել է Լեռնային Ղարաբաղի նախագահ Արկադի Ղուկասյանը` մեկնաբանելով մի շարք ԶԼՄ-ների հաղորդագրություններն այն մասին, թե Ուկրաինան պատրաստ է խաղաղապահ ստորաբաժանում ուղարկել ղարաբաղյան հակամարտության գոտի: Ա.Ղուկասյանը այդ հայտարարությունը «անհասկանալի է» անվանել` նշելով, որ բանակցություններ են ընթանում ղարաբաղյան հարցի կարգավորման շուրջ: «Բանակցությունները բարդ գործընթաց է, եւ այսօր չի կարելի միանշանակ ասել, թե որ փուլում են դրանք գտնվում: Դրական փոփոխություններ չկան, քանի որ Ադրբեջանը ոչ կառուցողական դիրքորոշում է որդեգրել` չզիջելով ոչինչ, ստանալ ամեն ինչ»,-ասել է ԼՂՀ նախագահը, հաղորդում է «Երկիր» թերթը: