3 դեկտեմբերի 2012 - 19:16 AMT
Հայտարարություն. Հայաստան-Թուրքիա հարաբերությունները և ԵԱՀԿ ՄԽ բանակցությունները չպետք է փոխկապակցվեն

ԵՄ-Հայաստան խորհրդարանական համագործակցության հանձնաժողովը հայտարարություն է ընդունել, որում դատապարտում է հայ-թուրքական երկու արձանագրությունների վավերացված չլինելը, որոնք ստորագրվել են 2009թ. Ցյուրիխում: Հայտարարության մեջ կոչ է արվում կողմերին, մասնավորապես Թուրքիային, կատարել իր պարտավորությունները: Հանձնաժողովի հայտարարությունն ընդգծում է առանց նախապայմանների ցյուրիխյան արձանագրությունների վավերացման և հարաբերությունների բարելավմանը նպաստելուն ուղղված ջանքեր գործադրելու կարևորությունը՝ բացելով միակողմանիորեն փակված սահմանը:

ԵՄ-Հայաստան խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի ղեկավար Սամվել Ֆարմանյանի խոսքով՝ վերջին ձևակերպումը նոր դրսևորում է ԵՄ կողմից վերջին տարիներին վավերացրած փաստաթղթերում: Այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ նա կարևորեց նաև այն դրույթի ամրագրումը, որ Հայաստան-Թուրքիա հարաբերությունների բարելավման գործընթացը և ԵԱՀԿ Մինսկի խմբի բանակցությունները չպետք է փոխկապակցվեն ու անընդունելի է համարվում տարածաշրջանի որևէ երկրի տնտեսական մեկուսացմանն ուղղված քաղաքականությունը:

Փաստաթղթում նաև հղում կա 1987 թ. Եվրախորհրդարանի կողմից ընդունված Հայոց ցեղասպանությունը ճանաչելու մասին բանաձևին: