4 դեկտեմբերի 2012 - 13:28 AMT
Ադրբեջանը հատուցո՞ւմ է մարդասպանի համար. Բաքվում «Հունգարիայի տուն» կբացվի

Երևում է, Ադրբեջանը սկսել է հատուցել Հունգարիային հայ սպա Գուրգեն Մարգարյանին սպանած ադրբեջանցի զինծառայող Ռամիլ Սաֆարովի արտահանձնման համար: Ինչպես հաղորդում է ադրբեջանական «Թրենդ» գործակալությունը, պաշտոնական այցով Բաքու կժամանի հունգարական պատվիրակությունը Հունգարիայի վարչապետի գրասենյակի գլխավոր քարտուղարի և ադրբեջանա-հունգարական միջկառավարական տնտեսական հանձնաժողովի համանախագահ Պիտեր Սիյարտոյի ղեկավարությամբ:

«Պատվիրակության կազմում Ադրբեջան կայցելեն տնտեսության, զբոսաշրջության ոլորտների, բանկային հատվածի ներկայացուցիչներ; Դեկտեմբերի 5-6-ը այցի ընթացքում Պիտեր Սիյարտոն կհանդիպի Ադրբեջանի տնտեսական զարգացման նախարար Շահին Մուսթաֆաևի հետ: Սպասվում է Սիյարտոյի հանդիպումը նաև երկրի ղեկավարության հետ:

Պատվիրակությունը կմասնակցի նաև Բաքվում «Հունգարիայի տան» բացմանը», գրում է «Թրենդը»:

Դատելով հրապարակումներից ադրբեջանական մամուլում՝ Բաքվի և Բուդապեշտի միջև հարաբերությունները հատկապես ակտիվացել են օգոստոսի 31-ից հետո, երբ Սաֆարովը հանձնվել է Ադրբեջանին: Դրանից հետո Ադրբեջանը և Հունգարիան հայտարարել են «տնտեսական կապերի ընդլայնման» մեջ փոխադարձ հետաքրքրության մասին, սկսել զարգացնել հարաբերությունները ձեռնարկատիրության ոլորտում, Բուդապեշտը հայտարարել է հունգարական բուհերում սովորող ադրբեջանցի ուսանողների թվի աճի մեջ շահագրգռվածության մասին, իսկ այժմ երկու երկրները պատրաստվում են ստորագրել համագործակցության մասին պայմանագիր:

Որպես հիշեցում. օգոստոսի 31-ին Հունգարիան արտահանձնեց Սաֆարովին Ադրբեջանին, որտեղ նրան անհապաղ ներում շնորհվեց: Հայաստանը խզեց դիվանագիտական հարաբերությունները Հունգարիայի հետ: Ըստ որոշ աղբյուրների, Սաֆարովի արտահանձնումն իրականացվել է Ադրբեջանի կողմից Հունգարիային տրամադրվելիք 2-3 եվրոյի դիմաց: Հունգարական կողմը հերքում է այս հայտարարությունները:

Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը կուսակցության նիստի ժամանակ հայտարարել է, որ կուսակցության գործընկերները և խորհրդականները բազմիցս նախազգուշացրել են նրան նման քայլի վտանգավորության մասին, բայց հունգարացի վարչապետը դիտարկել է այդ որոշումը որպես ժեստ ադրբեջանցիների կողմը` Հունգարիայի բյուջեի համար նոր վարկատուներ ապահովելու համար: Օրբանը խոստովանել է, որ իմացել է հնարավոր հետևանքների մասին, բայց ակնկալել է, որ Սաֆարովին ներում կշնորհվի մի քանի ամիս անց «առողջական պատճառներով»:

Հունգարիայի ընդդիմադիր սոցիալիստական կուսակցության առաջնորդ Աթիլա Մեշտերհազին իր երկրի վարչապետին անվանել է «բարոյապես սնանկ» և կոչ արել հրաժարական տալ: Ինչպես հայտարարել է Մեշտերհազին, Օրբանը պետք է անձամբ պատասխանատվություն կրի իր որոշումից հետո ծագած սկանդալի համար, քանի որ հետևանքների մասին իրեն նախազգուշացրել են ԱԳ և արդարադատության նախարարները: