4 դեկտեմբերի 2012 - 15:32 AMT
Կիևում տեղի կունենա Ուկրաինայի հայերի պատմությունն ուսումնասիրող ուկրաինացի գիտնականների առաջին համագումարը

Կիևում տեղի կունենա Ուկրաինայի հայերի պատմությունն ուսումնասիրող ուկրաինացի գիտնականների համագումար, ներկա պահին աշխատանքային խումբը զբաղվում է կազմակերպչական հարցերով: Այդ մասին Analitika.at.ua-ին տված մեկնաբանությունում հայտարարել է Ուկրաինայի Հայերի միության պատմամշակութային ժառանգության հարցերով հանձնաժողովի ղեկավար Դավիթ Դավթյանը:

Ինչպես հաղորդել է Դավթյանը, ՈւՀՄ ղեկավարության կողմից որոշում է ընդունվել կազմակերպել պատմաբան գիտնականների առաջին համագուարը, որոնք ուսումնասիրում են Ուկրաինայի հայերի և Հայաստանի պատմությունը:

«Հանդիպման շրջանակներում պլանավորվում է հարցերի քննարկում, որոնք վերաբերում են սիստեմատիկ համագործակցության կազմակերպմանը, ուսումնական ծրագրում ներմուծելու համար նյութերի մշակմանը, Հայաստանի, Լեհաստանի, Ռուսաստանի և այլ երկրների գիտնականների հետ կապերի զարգացմանը: Հանդիպումների շրջանակներում հատուկ ուշադրություն կդարձվի հայկական մշակութային ժառանգության պահպանման խնդրին, Ուկրաինայի հայերի պատմությունը լուսաբանող փաստաթղթերի ուսումնասիրմանը և բացահայտմանը, որոնք պահվում են պետության արխիվներում»,- նշել է Դավթյանը:

Հայերը նշանակալի տեղ են զբաղեցնում Ուկրաինայի պատմության մեջ: Ժամանակակից Ուկրաինայի տարածքում հայերի հայտնվելը թվագրվում է XI-XII դարերով: Ուկրաինայում բազմադարյա բնակության ընթացքում հայերը թողել են զգալի նյութական և հոգևոր ժառանգություն: