4 դեկտեմբերի 2012 - 14:30 AMT
ՀԱԿ-ը կդիմի ՍԴ. Անհրաժեշտ 27 ստորագրությունների փոխարեն արդեն 34-ն է հավաքվել

ՀԱԿ-ը կդիմի Սահմանադրական դատարան: Անհրաժեշտ 27 ստորագրությունների փոխարեն արդեն 34-ն է հավաքվել և ՀԱԿ-ը դատարանից կպահանջի հակասահմանադրական ճանաչել Սահմանադրության 70 և 71 կետերը:

Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնել է ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը: Ստորագրահավաքին միացել են ՀԱԿ-ը, ԲՀԿ-ն և «Ժառանգության» խմբակցության պատգամավորները՝ ողջ կազմով:

Ինչ վերաբերում է այն բանին, որ ՀՅԴ-ն չի միացել նախաձեռնությանը, Զուրաբյանն ասել է, որ ՀՅԴ-ն նույն հարցը լուծելու այլ տարբերակ է տեսնում՝ նախ դիմել ԱԺ էթիկայի հանձնաժողով, հետո նոր ՍԴ: «Իրենք ընտրել են այլ ճանապարհ, ես այստեղ որևէ ողբերգություն չեմ տեսնում»,- ասել է Լևոն Զուրաբյանը: Լևոն Զուրաբյանը նաև ասել է, որ առանց ԲՀԿ-ի ստորագրությունների միանշանակ չէին կարող հավաքել անհրաժեշտ ստորագրութունները: «Այս հաջող ընթացքը ցույց է տալիս, որ ԲՀԿ-ն տեսնում է, որ մենք գտնվում ենք ընդհանուր շահերի և փաստարկների դաշտում»,-նկատեց նա:

Ավելացնենք, որ եթե ՍԴ-ն բավարարի ՀԱԿ-ի պահանջը, ապա արտահերթ նիստ հրավիրելու համար այլևս քվորում ապահովել պետք չէ:

Հիշեցնենք, որ ՀԱԿ-ը որոշեց դիմել ՍԴ այն բանից հետո, երբ իր նախաձեռնած ԱԺ արտահերթ նիստը տապալվեց ՀՀԿ պատգամավորների չներկայանալու և քվորում չապահովելու պատճառով: