4 դեկտեմբերի 2012 - 17:30 AMT
Հենրիխ Մխիթարյան. Վստահ եմ, որ «Յուվենտուսի» հետ խաղում մենք կկարողանանք հաջողության հասնել

Դոնեցկի «Շախտյորի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը Չեմպիոնների լիգայում «Յուվենթուսի» հետ խաղից առաջ նշել է, որ նրանք միշտ բարձր տրամադրվածությամբ են դուրս գալիս դաշտ: «Բոլորը կարծում են, որ մենք արդեն 1/8 եզրափակչում ենք, բայց մենք պետք է հաղթենք, քանի որ հանդես ենք գալիս մեր դաշտում և մեր երկրպագուները սատարելու են մեզ»,-ասաց Մխիթարյանը:

Ըստ Մխիթարյանի, եթե նրանք հաղթեն «Յուվենթուսին», շատ ավելի լավ կլինի, քան եթե ինքը գոլ խփի, բայց պարտվեն: «Ոչ միայն «Յուվենթուսի», այլ բոլոր իտալական թիմերի պաշտպանությունը ամենաբարձր մակարդակի վրա է: Բոլորը գիտեն, թե ինչ է «կատենաչչոն»: Մեզ համար շատ դժվար էր Թուրինում, սակայն, կարծում եմ, վաղն ամեն ինչ այլ կերպ է լինելու, քանի որ տանն ենք խաղալու: Այո, ես խաղացել եմ Իտալիայի դեմ Հայաստանի հավաքականի կազմում: Մի քանի անգամ մենք կարողացանք ճեղքել նրանց պաշտպանությունը և պահեր ստեղծել, բայց դա բավարար չէր: Վստահ եմ, վաղը բոլորովին այլ խաղ է լինելու և մենք հաջողության կհասնենք հարձակման փուլում»,-ասել է նա: