31 մայիսի 2005 - 14:04 AMT
ՄՈՍԿՎԱՅՈՒՄ ԲԱՑՎՈՒՄ Է «ԱՐՄԻՆ ՎԵԳՆԵՐԸ ԵՎ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ» ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍԸ
Հայոց ցեղասպանության 90-ամյակի հիշատակման շրջանակներում Ռուսաստանի Մշակույթի հիմնադրամի դահլիճում տեղի կունենա «Արմին Վեգները եւ Հայոց ցեղասպանությունը» թեմայով ցուցահանդեսի բացումը, կազմակերպված Ռուս-հայկական ընկերակցության եւ Ռուսաստանի մշակույթի հիմնադրամի նախագահական ծրագրերի տնօրինության կողմից: Ցուցադրությունը պատրաստվել է վերջերս Մոսկվայում լույս տեսած իտալացի հեղինակ Ջովաննի Գուայթի «Ճիչ Արարատից.Արմին Վեգները եւ Հայոց ցեղասպանությունը» գրքի փաստագրական նյութերի հիման վրա: Երեք մեծ ցուցադրական վահանակները պատմում են ողբերգական իրադարձությունների ականատես, գերմանացի սպա Վեգների մասին, մյուս երեքի վրա ներկայացված է ցեղասպանության քրոնոլոգիան` Աբդուլ Համիդի կառավարման տարիները, երիտթուրթերի եւ Քեմալի ժամանակաշրջանները, կա նաեւ հայերի բռնագաղթի քարտեզը: Ցուցահանդեսի բացմանը նախատեսվում է ՌԴ Պետդումայի ԱՊՀ երկրների եւ հայրենակիցների կոմիտեի նախագահ Անդրեյ Կոկոշինի, պատգամավոր Նատալյա Նառոչնիցկայաի, ՌԴ Դաշնության Խորհրդի ներկայացուցիչների, հայտնի հասարակական եւ մշակութային գործիչների ելույթները: Տեղի կունենա նաեւ հայկական հոգեւոր եւ դասական երաժշտության համերգ Մոսկվայի Հայկական կամերային երգչախմբի կատարմամբ, հաղորդում է «Երկիր» թերթը: