5 դեկտեմբերի 2012 - 10:18 AMT
Պավլիկ Ղարսելյան. Մենք պարտավոր ենք մեդալներ նվաճել Հայաստանում և պայքարելու ենք մինչև վերջ

Երևանում ընթացող աշխարհի առաջնության քառորդ փուլում Նիկոլայ Հարությունովը (81 կգ) 12:7 հաշվով անգլիացի Սթիդ Վուդալին հաղթելուց հետո նշեց, որ արդեն երկրորդ ռաունդում զգացել էր, որ հաղթանակն իրենն է լինելու:

«Ես ինձ շատ վստահ էի զգում, չնայած մրցակիցս բավականին ուժեղ էր, բայց հասկանում էի, որ այս հաղթանակը շատ կարևոր է մեզ համար: Հիմա ես չպետք է թուլանամ և մյուս երկու մարտերում էլ հաղթեմ»,- ասել է բռնցքամարտիկը:

Հայաստանի երկրորդ ներկայացուցիչ Նարեկ Մելքոնյանն (+91կգ) էլ է կիսաեզրափակչում, նա 14:8 հաշվով առավելության է հասել Յոսիֆ Գրանիչի (Խորվաթիա) նկատմամբ. «Դժվար մենամարտ էր, բայց կարողացա այնպես անել, որ հաղթանակը իմը լինի: Երկրորդ ռաունդից հետո մարզիչներն ասացին, որ ես 4 միավորով առաջ եմ հաշվի մեջ, դա մեծ վստահություն տվեց ինձ»:

Մելքոնյանի անձնական մարզիչ Պավլիկ Ղարսելյանի խոսքով, իրենք պատրաստվել էին տոնելու տպավորիչ հաղթանակ: «Մեզ համար շատ կարևոր էր, որ Հայաստանում անցկացվող առաջնությունում որքան հնարավոր է շատ բռնցքամարտիկներ մտնեն կիսաեզրափակիչ: Մենք պարտավոր ենք մեդալներ նվաճել և պայքարելու ենք մինչև վերջ»,- ընդգծեց նա: