5 դեկտեմբերի 2012 - 11:52 AMT
Սուրբ Աննա եկեղեցու շինարարությունը կշարունակվի մինչև 2013 թ-ի սեպտեմբեր

Սուրբ Աննա եկեղեցու և հայրապետական նստավայրի կառուցման աշխատանքները կշարունակվեն մինչև 2013 թ-ի սեպտեմբեր ամիսը: Այս մասին PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում ասաց բարերարներ Հրայր և Աննա Հովնանյանների ներկայացուցիչ Նաիրա Մելիքյանը: Մելիքյանի խոսքով, շինարարությունը նախատեսվում էր ավարտել մինչև հաջորդ տարվա մարտ ամիսը, սակայն հաշվի առնելով շինության բարդ կոնստրուկցիան, բարերարները շինարարության ժամկետը երկարացրել են մինչև աշուն:

Երևանի Սայաթ-Նովա և Աբովյան փողոցների խաչմերուկում կառուցվող Սուրբ Աննա եկեղեցու և հայրապետական նստավայրի հիմնարկեքի արարողությունը տեղի է ունեցել 2011 թ-ի ապրիլի 30-ին: Նախագծի հեղինակն է «Չիլինգարյան Դիզայն» ՍՊԸ տնօրեն Վահագն Մովսիսյանը: Շինարարական աշխատանքների ժամանակ հայտնաբերվել են 16-17 դարին պատկանող կավե երեք կարասներ: Հայաստանի ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի փոխտնօրեն, հնագետ Գագիկ Սարգսյանն ասել էր, որ դրանք կարող են լինել գինու կամ ցորենի պահպանման կարասներ: Կարասները գտնվել են Սբ. Աստվածածին եկեղեցու 17 դ. կցակառույցի տակ: Հայտնաբերվել էր նաև պատի մեջ կառուցված 17 դ. խաչքար, ինչպես նաև նույն դարին պատկանող պատնեշի բեկոր: Պեղումների արդյունքում բացվել է նաև 17-րդ դարի բազիլիկայի պատի մի դրվագ. բազիլիկան պայթեցվել է 1936 թվականին ստալինյան ռեպրեսիաների ժամանակ: Գագիկ Սարգսյանի խոսքով, չնայած հնագիտական գտածոներին, շինարարական աշխատանքները չեն դադարեցվելու, քանի որ առայժմ մեծ արժեք ներկայացնող որևէ արտեֆակտ չի հայտնաբերվել: