5 դեկտեմբերի 2012 - 15:56 AMT
Գարնանն ուկրաինական Լուգանսկում կսկսվի հայկական եկեղեցու շինարարությունը

Դեկտեմբերի 4-ին Լուգանսկում կայացել է «Ուկրաինայի հայերի միություն» հասարակական կազմակերպությունների համաուկրաինական ասոցիացիայի արտագնա նիստը, հաղորդում է Analitika.at.ua-ն:

Նիստին մասնակցել են Ուկրաինայի հայերի միության նախագահ Վիլեն Շատվորյանը, տեղի իշխանության ներկայացուցիչներ, տարածաշրջանային հայկական համայնքների ղեկավարներ, հայ հոգևորականության ներկայացուցիչներ:

Նիստի ընթացքում կայացել է մի շարք հարցերի քննարկում, որոնք վերաբերվում են հայ համայնքին, տեղական ինքնակառավարման և իշխանության մարմինների միջև փոխգործակցության ուղիներին: Կարևոր որոշումներ են ընդունվել տեղի համայնքի զարգացմանը նպաստելու համար, կոնկրետացվել են Լուգանսկում հայկական եկեղեցու շինարարություն սկսելու ժամկետները, ինչպես նաև կիրակնօրյա հայկական դպրոց բացելու հեռանկարները:

ՈՒՀՄ պատվիրակությունն այցելել է Լուգանսկի մարզային հիվանդանոց, բժշկական հաստատությանը նվիրել են անհրաժեշտ սարքավորումներ, ինչպես նաև այց է կատարվել հաշմանդամություն ունեցող մարդկանց տուն: Համայնքի ակտիվ անդամներին և տեղի իշխանության ներկայացուցիչներին հանձնվել են ՈՒՀՄ պատվոգրեր հայ-ուկրաինական հարաբերությունների զարգացման մեջ ավանդի համար:

2001-ի մարդահամարի տվյալներով, Լուգանսկի շրջանի տարածքում բնակվում են մոտ 6,5 հազար հայեր:

Կիևում և Դոնեցկում եկեղեցիների շինարարությունն Ուկրաինայի հայկական սփյուռքի գործունեության հիմնական ուղղություններից է:ՈՒՀՄ նախագահ Վիլեն Շատվորյանի խոսքով, եկեղեցիների շինարարությունը թույլ կտա իրագործել հայկական սփյուռքի գլխավոր նպատակներից մեկը` բազմակողմանի կերպով ներկայացնել հայկական մշակույթն Ուկրաինայի ժողովրդին: