5 դեկտեմբերի 2012 - 16:27 AMT
«Ամերիա» ընկերությունը մշակել է «Դատարանների մոնիտորինգի ծառայություններ» ծրագրի մեթոդաբանությունը

«Ամերիա» ՓԲԸ-ն Հայաստանի արդարադատության նախարարության «Դատաիրավական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի պատվերով իրականցնում է «Դատարանների մոնիտորինգի ծառայություններ» ծրագիրը, որը ֆինանսավորվում է Համաշխարհային բանկի կողմից:

Ծրագրի նպատակն է Հայաստանում դատարանների մոնիտորինգի համակարգի ներդրումը, որը հնարավորություն կտա միասնական մեթոդաբանության հիման վրա իրականացնել դատարանների ու դատական համակարգի մոնիտորինգ: Վերջինս էապես կնպաստի դատարանների գործունեության արդյունավետության բարձրացմանը, թափանցիկության ու հաշվետվողականության ապահովմանը, դատական տեղեկատվության հասանելիությանը, որը կմեծացնի դատական համակարգի նկատմամբ հանրության վստահությունը:

Հիմք ընդունելով Հայաստանի դատական համակարգի առանձնահատկությունները և միջազգային լավագույն փորձը, Ամերիան մշակել է դատարանների գործունեության մոնիտորինգի մեթոդաբանություն, որը կհանդիսանա դատարանների մոնիտորինգի իրականացման հիմնական մեթոդական փաստաթուղթը:

Ինչպես ասաց «Ամերիա» ՓԲԸ հետազոտությունների գծով մասնագետ Տիգրան Գրիգորյանը, առաջիկա 2-3 ամիսներին կամփոփվեն մոնիտորինգի մեթոդաբանության կիրառման արդյունքները: «Մենք հուսով ենք, որ ծրագիրը հաջողություն կունենա, քանի որ նրա մշակմանը մասնակցել են գրեթե բոլոր շահագրգիռ կողմերը»,-ասել է նա:

Իր հերթին «Դատաիրավական ծրագրերի իրագործման գրասենյակ» պետական կազմակերպության տնօրեն Արթուր Թունյանը հավելել է, որ այս ծրագիրն այսօրվա դրությամբ առաջնայիններից է դատական համակարգում բարեփոխումների իրականացման ճանապարհին: «Ակնհայտ դարձավ, որ նոր գործիքներ են հարկավոր, որպեսզի հասարակությունը հետևի դատական գործընթացներին թերությունները հայտնաբերելու նպատակով և կոնկրետ լուծումների որոնման հիման վրա դարձնի ոլորտն ավելի թափանցիկ ու արդյունավետ»,-ասել է նա:

Դատական համակարգի թերությունների թվում Արթուր Թունյանը նշեց ողջ դատական համակարգի մասին հստակ տվյալների բացակայությունը, օրինակ, տվյալներ չկան այն մասին, թե կոնկրետ այս դատավորը քանի գործ է քննել, քանիսի դեպքում է արդյունավետ աշխատանք կատարվել, իչպես են ծախսվում պետական միջոցները և այլ տեղեկատվություն: