Սերգո Կարապետյան. Պետությունը կօժանդակի սիրիահայերին, եթե նրանք որոշեն զբաղվել գյուղատնտեսությամբ

Սերգո Կարապետյան. Պետությունը կօժանդակի սիրիահայերին, եթե նրանք որոշեն զբաղվել գյուղատնտեսությամբ

PanARMENIAN.Net - ՀՀ սփյուռքի նախարարությունը պարբերաբար կազմակերպում է հանդիպում-խորհրդակցություններ Հայաստանում բիզնես գործունեություն ծավալելու ցանկություն ունեցող սիրիահայերին անհրաժեշտ մասնագիտական խորհրդատվություն ապահովելու նպատակով, հայտնում է նախարարության մամլո ծառայությունը:

Դեկտեմբերի 5-ին գյուղատնտեսության ոլորտով հետաքրքրվող սիրիահայերը հնարավորություն ունեցան Հայաստանի գյուղատնտեսության ոլորտի վերաբերյալ պարզաբանումներ ստանալ ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանից:

Գյուղատնտեսության նախարարը տեղեկացրեց, որ Հայաստանի Հանրապետության նախագահը գյուղատնտեսությունը գերակա ուղղություն է հայտարարել, մշակվում ու իրականացվում են ոլորտի զարգացմանը նպաստող բազմաթիվ ծրագրեր:

Ուսումնասիրվում և ներդրվում է համաշխարհային փորձը, բերքատվության արդյունավետությունը ապահովելու նպատակով վերանայվում ու կատարելագործվում են տեխնոլոգիաները: Գյուղնախարարի խոսքով գյուղատնտեսության ոլորտի զարգացմանն են ուղղված ցածր տոկոսադրույքով վարկային ծրագրերի ներդրումը, ներկրված գյուղատնտեսական պարագաների ու տեխնիկայի ներմուծման դեպքում ԱԱՀ-ից ազատումը: Նախարարը հավաստիացրեց, որ սիրիահայերի կողմից գյուղատնտեսական գործունեություն ծավալելու հստակ որոշման պարագայում պետությունը կօժանդակի կազմակերպության գրանցման, տարածքի որոնման, անհրաժեշտ խորհրդատվության, բիզնեսի ուղղորդման հարցում:

Այնուհետև ՀՀ սփյուռքի և գյուղատնտեսության նախարարները պատասխանեցին սիրիահայերին հուզող հարցերին: Հանդիպմանը ներկա էին նաև Հայկական բերքի առաջմղման (ՀԲԱ) կենտրոնի ներկայացուցիչները, ովքեր ներկայացրեցին Հայաստանում ջերմոցային տնտեսությունների զարգացման, խաղողի քիշմիշ տեսակի այգիների հիմնման ծրագրերը: Այնուհետև պատասխանեցին սիրիահայերի հարցերին, որոնք վերաբերում էին ջերմոցային գործունեություն սկսելու դեպքում վարկերի ստացման հնարավորություններին, Հայաստան ագրոտեխնիկա ներմուծելու առանձնահատկություններին: Խորհրդակցության մասնակիցները պարզաբանումներ ստացան հակակարկտային տեխնիկայի կիրառման և գյուղատնտեսության ոլորտի հնարավոր ռիսկերի վերաբերյալ:

Հանդիպման ավարտին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը ողջունեց սիրիահայերի Հայաստանում հաստատվելու և գյուղատնտեսության զարգացմանը մասնակցելու որոշումը: Նախարարը շնորհակալություն հայտնեց ՀՀ գյուտաղտնեսության նախարարին՝ անհրաժեշտ մասնագիտական պարզաբանումների համար:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---