ՀԱՅԱՍՏԱՆԻ ԳԼԽԱՎՈՐ ԴԱՏԱԽԱԶԸ ՀԱՆԴԻՊԵԼ Է GRECO -Ի ՊԱՏՎԻԱԿՈՒԹՅԱՆ ՀԵՏ

PanARMENIAN.Net - Հայաստանի գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանն այսօր հանդիպել է Կոռուպցիայի դեմ պայքարող երկրների խմբի (GRECO) դիտարկման հանձնաժողովի պատվիրակության անդամներին, տեղեկացնում է «Երկիր» թերթը: Հովսեփյանը հյուրերին ծանոթացրել է ՀՀ Սահմանադրությամբ եւ «Դատախազության մասին» ՀՀ օրենքով դատախազության լիազորություններին ու հիմնական գործառույթներին, համակարգի կազմակերպման մեխանիզմներին: Հանդիպման ժամանակ կողմերը քննարկել են նաեւ վկաների պաշտպանության, ինչպես նաեւ հանցավոր ճանապարհով ձեռք բերված եկամուտներին, քրեական եւ քաղաքացիական դատավարության խնդիրներին, պատիժների եւ հարկադրանքի այլ միջոցների նկատմամբ վերահսկողությանը, դատարանում մեղադրանքի պաշտպանությանն առնչվող հարցերին եւ այլն: Ա.Հովսեփյանը տեղեկացրել է նաեւ գլխավոր դատախազության կառույցում ստեղծված Կոռուպցիայի դեմ պայքարի բաժնի մասին, որն անմիջականորեն ենթարկվում է գլխավոր դատախազին: Նրա խոսքերով` բաժինը համակարգում է կոռուպցիային առնչվող Հայաստանի դատախազություններում քննվող բոլոր քրեական գործերը, կատարում է վերլուծական աշխատանք, հավաքագրում տեղեկատվություն եւ արձագանքում դիմումներին: Այդ առումով Հովսեփյանը նշել է, որ դա էական նշանակություն ունի համակարգի անկախության ապահովման համար: Նշենք, որ Հայաստանի Սահմանադրության համաձայն` գլխավոր դատախազը նշանակվում է վարչապետի ներկայացմամբ` ՀՀ նախագահի կողմից: GRECO-ի պատվիրակության ներկայացուցիչները նշել են, որ գրեթե բոլոր պետություններում խնդիրներ են առաջանում դատական համակարգի, դատախազության եւ կառավարության միջեւ: Հանդիպմանը մասնակցել են նաեւ ՀՀ արտգործնախարարի խորհրդական, GRECO-ում ՀՀ պատվիրակության ղեկավար Աշոտ Գալոյանը:


 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---