1 հունիսի 2005 - 13:42 AMT
ՎՐԱՍՏԱՆԸ ԱՐԴԱՐԱՆՈՒՄ Է ԲԱՔՎԻ ԱՌՋԵՎ
Վրաստանի տարածքում տեղակայված ռուսական ռազմակայանների դուրս բերման ժամկետների եւ պայմանների շուրջ ռուս-վրացական բանակցությունների ընթացքում վրացական կողմը հաշվի է առել Ադրբեջանի շահերը, որը բողոքում է ռուսական սպառազինությունը Հայաստան տեղափոխելու դեմ, հաղորդում է «Ռեգնում» գործակալությունը: Ինչպես հաղորդել է Վրաստանի ԱԳՆ ղեկավար Սալոմե Զուրաբիշվիլին, ռուս-վրացական բանակցությունների ընթացքում ռուսական կողմը պնդել է համաձայնագրի մեջ այն կետի ընդգրկումը, ըստ որի կայանները դուրս են բերվելու Հայաստան, սակայն վրացական կողմը «նման զիջում չարեց» եւ «գնաց վերջին զիջումների» դուրս բերման ժամկետների վերաբերյալ, նման կետ բացառելու համար: Ինչպես պարզաբանել է Զուրաբիշվիլին, ռուսական կողմը պնդել է կայանները Հայաստան տեղափոխելը, պատճառաբանելով, որ Սեւ ծովով Ռուսաստան դուրս բերելու համար կպահանջվի լրացուցիչ ժամանակ, քանի որ հնարավոր չէ կանխատեսել եղանակային եւ այլ պայմանները, որոնք կարող են խախտել կայանների դուրս բերման ժամանակացուցյը, որի պատճառով էլ Մոսկվան չի կարող պարտավորվել դուրս բերել կայանները վրացական կողմի առաջարկած ավելի սեղմ ժամկետներում: «Մենք գնացինք դրան հենց այն պատճառով, որ հետո մեզ չկարողանան ասել, թե մենք ստիպված էին դուրս բերել կայանները Գյումրի, քանի որ դուրք չհամաձայնվեցիք լրացուցիչ ժամկետեների,-ընդգծել է Վրաստանի ԱԳՆ ղեկավարը:-Այնպես որ, մենք արել ենք ամեն ինչ, որ կայանները դուրս բերվեն Ռուսաստան»: Ինչպես նշել է Սալոմե Զուրաբիշվիլին, այժմ «եթե ինչ-որ մաս դուրս բերվի Գյումրիի ուղղությամբ, ապա դա արդեն կախված կլինի ոչ թե մեզանից, այլ Ռուսաստանի որոշումից»: Վրաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի խոսքերով, նա խոսել է այդ թեմայով իր ադրբեջանցի գործընկեր Էլմար Մամեդյարովի հետ մայիսի 25-ին Բաքվում տեղի ունեցած Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթատարի բացման ժամանակ: «Մեր բացատրությունները ադրբեջանցիների համար շատ ընդունելի են եւ հասկանալի»,-այդ առնչությամբ նշել է Սալոմե Զուաբիշվիլին:-Շատ ճիշտ է, որ Ադրբեջանը նոտա է ուղարկել Ռուսաստանին, ոչ թե մեզ»: Ինչպես արդեն հաղորդվել է, այսօր Հայաստան է ժամանել 15 վագոնից կազմված գնացք ռազմական տեխնիկայով եւ սպառազինությամբ, որոնք դուրս են բերվել Բաթումի ռուսական ռազմակայանից: Ըստ նախնական տվյալների, դուրս է բերվել ռազմամթերք, քիմիական մշակման մեքենաներ եւ զենիթային կայաններ: