6 դեկտեմբերի 2012 - 11:56 AMT
104 տարեկանում վախճանվել է Բրազիլիայի մայրաքաղաքի ճարտարապետ Օսկար Նիմեյերը

Հայտնի ճարտարապետ Օսկար Նիմեյերը վախճանվել է 104 տարեկան հասակում: Նոյեմբերին Նիմեյերը հոսպիտալացվել էր ջրազրկման և երիկամների աշխատանքի խախտման պատճառով, հայտնում է «Ռոյթերս» գործակալությունը:

Օսկար Նիմեյերը ծնվել է 1907 թվականի դեկտեմբերի 15-ին Ռիո դը Ժանեյրոյում: 1934թ. նա ավարտել է Ազգային ճարտարապետական դպրոցը: Առաջին շենքը նրա նախագծով Ռիօ դը Ժանեյրոյում կառուցվել է 1937 թվականին:

Շուրջ 70-ամյա գործունեության ընթացքում նա նախագծել է մոտ 600 շինություն: Մասնավորապես, նա Բրազիլիայի մայրաքաղաքի շենքերի մեծ մասի հեղինակն է և Ռիո դը Ժանեյրոյի «Սամբադրոմի» հեղինակը: Նա մասնակցել է Նյու Յորքում ՄԱԿ շենքի և Փարիզում Ֆրանսիայի կոմունիստական կուսակցության կենտրոնակայանի ստեղծմանը:

1988թ. նա դարձավ ճարտարապետության ոլորտի ամենահեղինակավոր Պրիտցկերովյան մրցանակի դափնեկիր: Նրա վերջին նախագծերից մեկն է շուրջ 804 հազար քմ ընդհանուր մակերեսով վարչական շենքերի համալիրը Բելու Օրիզոնտիում, որը բացվեց 2010 թվականին: