6 դեկտեմբերի 2012 - 12:40 AMT
Խոշոր հայ ներկրող «Մանանա Գրեյնը» հուսով է, որ ցորենի գներն Ամանորին նվեր կմատուցեն

Հացահատիկի համաշխարհային շուկայում նկատվում է կայունացում, սակայն գների աճի միտումն արձանագրում է անորոշություն: Այդ մասին դեկտեմբերի 6-ին Երևանում հայտարարել է «Մանանա Գրեյն» (շուկայում բաժինը կազմում է 34.4 տոկոս) ընկերության ֆինանսական տնօրեն Արմեն Մանուկյանը: «Եթե համաշխարհային գները կայուն են, ապա կայուն է նաև մեր բիզնեսը»,- ասել է նա և հավելել, որ ընկերությունը փորձում է բնակչության համար հնարավորինս չբարձրացնել գները:

Ինչ վերաբերվում է ամանորյա տոների նախաշեմին ցորենի և ալյուրի գների հնարավոր աճին, ապա ընկերության ներկայացուցիչը հավաստիացրել է. «Տվյալ պահին, կանխատեսումների համաձայն, մենք չենք ակնկալում ցորենի գների կտրուկ տատանումներ»:

Միաժամանակ, Արմեն Մանուկյանը չի բացառել տոների շրջանում ցորենի գների նվազեցման հնարավորությունը: «Գները կարող են նվազել, և դա կլինի ամանորյա նվեր»,- ասել է «Մանանա Գրեյնի» ֆինանսական տնօրենը: