2 հունիսի 2005 - 08:31 AMT
ՀԱՅԱՍՏԱՆԸ ԼՌՈՒԹՅՈՒՆ Է ՊԱՀՊԱՆՈՒՄ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՌՈՒՍԱԿԱՆ ԶԵՆՔԻ ՏԵՂԱՓՈԽՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Հայաստանում որեւէ պաշտոնական մարմին կամ պաշտոնյա չհաստատեց կամ չհերքեց միջազգային լրատվական գործակալությունների հաղորդագրությունները, թե Բաթումի ռուսաստանյան ռազմակայանից հանված ռազմատեխնիկայով ու հանդերձանքով բեռնված առաջին գնացքը ժամանել է Հայաստան: Միակ արձագանքը այս առնչությամբ հնչել է մեկ շաբաթ առաջ` երբ Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանը «չի բացառել հետագայում Վրաստանում տեղակայված ռուսական զորքի տեղափոխումը Հայաստան»: «Այս պահին որեւէ որոշում կամ քննարկում այդ խնդրի շուրջ չկա, սակայն որոշման կայացման իրավունքը Հայաստանի եւ Ռուսաստանի բացառիկ իրավունքն է», - անցած չորեքշաբթի ասել էր Վարդան Օսկանյանը, հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը: Նշենք, որ նախօրեին ռուսական ԶԼՄ-ները, վկայակոչելով Անդրկովկասում ռուսական ռազմական կոնտինգենտի ներկայացուցիչներին, տեղեկատվություն են տարածել, որ Բաթումից Հայաստան է ուղարկվել ռազմական տեխնիկայով եւ սպառազինությամբ մի գնացք: Մինչդեռ, այսօր Վրաստանում Ադրբեջանի դեսպան Ռամիզ Հասանովը հայտարարել է, որ ռազմական տեխնիկայի եւ սպառազինության դուրս բերումը Բաթումի ռուսական ռազմակայանից դեպի Հայաստան դեռեւս չի սկսվել: