6 դեկտեմբերի 2012 - 18:50 AMT
ՀՀ պետբյուջեից փոշիացվել է 670 մլն դրամ

ՀՀ պետբյուջեից շինարարական 16 օբյեկտների համար տրամադրվել է 2.4 մլրդ դոլար, որոնցից 670 մլն-ը պարզապես «փոշիացել է» կամ շահագործվել ոչ նպատակահարմար կերպով: Այս մասին դեկտեմբորի 6-ին Երևանում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ՀՀ ֆինանսների նախարարության ֆինանսական վերահսկողության տեսչության պետ Սոնա Ղարիբյանը:

Ինչպես հաղորդել է փորձագետը, վերահսկվող օբյեկտներն ընտրվել են` հաշվի առնելով ռիսկի գործոնը, ինչի պատճառով բոլոր նշված օբյեկտներում հայտնաբերվել են շինարարական աշխատանքների կազմակերպման ինչ-ինչ խախտումներ: Դրանց թվում Ղարիբյանը նշել է Շիրակի մարզի Մեծ Մանթաշ համայնքի դպրոցը, որտեղ լուրջ խախտումներ են հայտնաբերվել: Դպրոցի հիմնանորոգման աշխատանքների իրականացման վերաբերյալ պայմանագիրը կնքվել է դեռևս 2009թ, իսկ կապալառուն եղել է «Փարվանա մոնտաժ» ՍՊԸ-ն, որը 2012-ին վերանվանվել է «Ն.Մ.Oհանյան» ՍՊԸ-ի: Դպրոցի հիմնանորոգման ընդհանուր պայմանագրային արժեքը կազմել է 479,4 մլն դրամ, իսկ աշխատանքների ավարտը նախատեսվել է 2012-ի նոյեմբերին: Կապալառուն, որը շինաշխատանքներն արդեն դադարեցրել է, 2012-ի 6-րդ ամսվա դրությամբ հանձնել է 273,7 մլն դրամի կատարողական և դրա դիմաց ստացել 286 մլն դրամ: Մեր կատարած ուսումնասիրությունների արդյունքում արձանագրվել են 207 մլն դրամի խախտումներ, թերություններ և ոչ նպատակային անարդյունավետ ծախսեր:

Այս առնչությամբ նա ընդգծել է, որ առավել ռիսկային են ՀՀ մարզերում տեղակայված դպրոցները, որոնք հիմնանորոգման կարիք ունեն:

Սոնա Ղարիբյանը նաև հաղորդել է, որ քաղաքաշինության նախարարությունում կա անբարեխիղճ կապալառուների «սև ցուցակ», ավելին` նրանց նկատմամբ քրեական գործ է հարուցվել: «Մենք պարտավորեցնում ենք, որպեսզի իրավասու մարմինը վերականգնի «փոշիացված» գումարը և այն վերադարձնի պետբյուջե»,-ընդգծել է նա: