2 հունիսի 2005 - 09:53 AMT
ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ՆԱՏՕ-Ի ՀԵՏ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԲԱՂԿԱՑՈՒՑԻՉՆԵՐԻՑ ՄԵԿՆ Է
ՀՀ նախագահին առընթեր ազգային անվտանգության խորհրդի քարտուղար, պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը հանդիպեց ԱՄՆ-ի սենատոր Նորմ Քոլեմանի հետ: Այդ մասին հայտարարել է ՀՀ ՊՆ մամլո քարտուղար, գնդապետ Սեյրան Շահսուվարյանը: Հանդիպման ընթացքում նախարար Սերժ Սարգսյանը նկատեց, որ հայ-ամերիկյան հարաբերությունները զարգանում են բավականաչափ լավ տեմպերով: Նա նաեւ անդրադարձել է ռազմական համագործակցությանը` հատկանշական համարելով այն, որ այդ համագործակցությունը սկսվել է երեք տարի առաջ եւ այդ ընթացքում ստորագրվել են բոլոր այն փաստաթղթերը, որոնք պարարտ հող են ստեղծում համագործակցության զարգացման համար: Վստահ եմ, որ վերջերս ՀՀ զինված ուժերում անցկացված պաշտպանական գնահատման վերջնական արդյունքները լինելու են բավարար, քանզի բանավոր արձագանքները բավական գոհացուցիչ են»,-հայտարարել է նախարարը: Անդրադառնալով Հայաստան-ՆԱՏՕ հարաբերություններին` նախարարն ընդգծել է, որ ՆԱՏՕ-ի հետ մեր համագործակցության ծավալները մի քանի անգամ մեծացել են: Նա ավելացրեց նաեւ, որ թեեւ մեր արտաքին քաղաքականության օրակարգում չկա ՆԱՏՕ-ին անդամակցելու խնդիր, այնուամենայնիվ, համագործակցությունը ԱՄՆ-ի ու ՆԱՏՕ-ի հետ համարում ենք մեր ազգային անվտանգության բաղկացուցիչներից մեկը: Միեւնույն ժամանակ Հայաստանը զարգացնում է հարաբերությունները եվրոպական ինչպես ՆԱՏՕ-ի անդամ, այնպես էլ ոչ անդամ երկրների, իսկ ռազմական ոլորտում համագործակցում ինչպես ՌԴ, այնպես էլ ՀԱՊԿ անդամ մյուս երկրների հետ: «Ամենակարեւորն այն է, որ այս հարաբերություններում հակասություններ չկան»,- փաստել է նախարարը: Իր հերթին Նորմ Քոլեմանն ասել է. «Ես գիտեմ, որ հայկական զինված ուժերի մակարդակը բավականին բարձր է, եւ մենք ամուր կապեր ենք ստեղծում ինչպես պաշտպանական, այնպես էլ մյուս բնագավառներում »: Նրա խոսքերով, նա խոսել է պաշտպանական գնահատման մասնագետների հետ, որոնք լավ կարծիք ունեն հայկական ԶՈՒ վերաբերյալ: «Ես եկել եմ ավելի լավ հասկանալու, թե ինչ է պետք հայ-ամերիկյան հարաբերություններն էլ ավելի զարգացնելու համար»,-հայտարարել է Քոլեմանը: