2 հունիսի 2005 - 10:23 AMT
ԱՆԴՐԱՆԻԿ ՄԱՐԳԱՐՅԱՆԸ ԵՎ ԶՈՒՐԱԲ ՆՈՂԱԻԴԵԼԻՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՀԱՆԴԻՊՈՒՄ ԿՈՒՆԵՆԱՆ ՍԱՄՑԽԵ ՋԱՎԱԽՔՈՒՄ
Հայաստանի կառավարական պատվիրակությունը վարչապետ Անդրանիկ Մարգարյանի գլխավորությամբ ժամանել է Վրաստանի մայրաքաղաք` Թբիլիսի, որտեղ կմասնակցի ԱՊՀ կառավարությունների ղեկավարների գագաթնաժողովին: Ժամանելուն պես տեղի է ունեցել Հայաստանի վարչապետի հանդիպումը իր վրաց գործընկեր Զուրաբ Նողաիդելու հետ, որը տեւել է մեկ ժամից ավել: Հանդիպման ընթացքում կողմերը անդրադարձել են Վրաստանի հայ համայնքի խնդիրներին, մասնավորապես Սամցխե Ջավախքի տարածաշրջանին: Վրաստանի վարչապետը հաստատել է Վրաստանի իշխանությունների մտադրությունը իրականացնելու այդ շրջանի սոցաիալ-տնտեսական զարգացման ծրագիր: Երկու երկրների վարաչապետները որոշել են աշխատանքային հանդիպում անցկացնել Սամցխե Ջավախքում, որը տեղի կունենա ընթացիկ տարվա հուլիս-օգոստոսին: Զուրաբ Նողաիդելին գոհունակությամբ է ընդունել Հայաստանի պատրաստակամությունը մասկանցելու այդ շրջանի զարգացման ծրագրի իրագործմանը եւ հայտարարել է, որ այն կուղղվի ճանապարհների, դպրոցների կառուցմանը, ինչպես նաեւ եղած օբյեկտների վերականգնմանը: Զրույցի ընթացքում Անդրանիկ Մարգարյանը համոզվածություն է հայտնել, որ վրացական իշխանությունները ջանքեր կգործադրեն Վրաստանի տարածքում հայկական պատմական հուշարձանների պահպանման համար: Պայմանավորվածություն է ձեռք բերվել հայկական կողմից հատուկ աշխատանքային խմբի ստեղծման վերաբերյալ, որը կուսումնասիրի Վրաստանի օրենսդրական դաշտը եւ այդ շրջանակներում կառաջարկի խնդրի լուծման հնարավոր տարբերակները: Նշենք, որ վաղը Հայաստանի վարչապետը կհանդիպի Վրաստանի խորհրդարանի նախագահ Նինո Բուրջանաձեի հետ, որից հետո ծրագիրը կշարունակվի ԱՊՀ պետությունների կառավարությունների ղեկավարների գագաթնաժողովի շրջանակներում, հաղորդում է «Ռեգնում » գործակալությունը: