6 դեկտեմբերի 2012 - 18:22 AMT
Ֆուտբոլի ակադեմիայում ընթանում է ՀՖՖ մարզչական ՊՐՈ դասընթացի հերթական մոդուլը

Դեկտեմբերի 3-7-ը Ֆուտբոլի ակադեմիայում ընթանում է ՀՖՖ մարզչական ՊՐՈ դասընթացի հերթական մոդուլը: ՊՐՈ արտոնագրի դասընթացին մասնակցում են Հայաստանի Ֆուտբոլի Բարձրագույն խմբի ակումբների գլխավոր մարզիչները, ՀՖՖ մարզչական հրահանգիչները, ինչպես նաև Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը:

Դասընթացի առաջին երկու օրերը նվիրված էին դարպասապահներին: Տեսական և գործնական պարապմունքներն անցկացնում էր ՖԻՖԱ-ի հրահանգիչ, սլովակ մասնագետ Ալեքս Վենցելը, ով հրավիրվել էր ՀՖՖ կողմից: Հենց այս պատճառով դարպասապահության դասընթացներին մասնակցում էին նաև Հայաստանի Բարձրագույն խմբի ակումբների և հավաքականների դարպասապահների մարզիչները:

Դասընթացների երկրորդ հատվածի դասախոսություններն առավելապես վերաբերում են ֆուտբոլային մենեջմենթի և ակումբային աշխատանքների կազմակերպման տեսակետից կարևոր այնպիսի թեմաներին, ինչպիսիք են գրասենյակի կազմակերպումը, հաղորդակցությունը, բարոյականութան և էթիկայի, ԶԼՄ-ների հետ հարաբերությունները, հռետորական արվեստը և մտավոր ունակությունները: