6 դեկտեմբերի 2012 - 19:48 AMT
ԵԱՀԿ-ն նախկինի պես խոսում է ղարաբաղյան հակամարտության լուծման հարցում արագ արձագանքման անհրաժեշտության մասին

«Այս տարվա ապրիլից հայկական և ադրբեջանական կողմերի միջև հակամարտության ակտիվացումը վկայում է ղարաբաղյան հակամարտության լուծման հարցում արագ արձագանքման անհրաժեշտության մասին»,-այսօր ԵԱՀԿ երկրների ԱԳ նախարարների խորհրդի 19-րդ նիստի ժամանակ հայտարարել է ԵԱՀԿ ներկայիս նախագահ, Իռլանդիայի ԱԳ և առևտրի նախարար Էյմոն Գիլմորը: Նա ընդգծել է հակամարտության լուծման ուղղությամբ ԵԱՀԿ աշխատանքը, իչպես նաև երախտագիտություն է հայտնել գործող նախագահի անձնական ներկայացուցչին` տարածաշրջանում ակտիվ գործունեության համար:

Նա ընդգծել է, որ հակամարտության կարգավորումն ի շահ տարածաշրջանի կլինի:

Հակամարտությունների կարգավորման հարցին իր ելույթում անդրադարձել է նաև Քեթրին Էշթոնը:

«Հակամարտությունները սահմանափակում են միջազգային համագործակցությունը»,-ընդգծել է Էշթոնը: «Մենք սատարում ենք վստահության ամրապնդմանն ուղղված միջոցները, ինչպես նաև մեր ներդրումը տարածաշրջանի երկրներում ժողովրդավարության զարգացմանն է ուղղված: ԵՄ-ն սատարում է ԵԱՀԿ-ի` գոյություն ունեցող հակամարտությունները լուծելուն ուղղված ջանքերը»: