6 դեկտեմբերի 2012 - 18:41 AMT
Ստեփանակերտի օդանավակայանում ցանկացած տեխնիկական խնդիր կարող է այլ մեկնաբանությունների առիթ տալ

ԱՄՆ-ում գտնվող ԼՂՀ ԱԳ նախարար Կարեն Միրզոյանը «Ամերիկայի ձայնի» խնդրանքով անդրադարձել է Ստեփանակերտի օդանավակայանից առաջին թռիչքի ուշացմանը:

«Օդանավակայանի վերագործարկումը ԼՂՀ իշխանությունների ինքնիշխան իրավունքն է, ինչպես մի իշխանության, որը լիովին վերահսկում է այդ տարածքը և արտահայտում է բնակչության շահերը և կամքը: Օդնավակայանի գործարկման նպատակը ԼՂՀ բնակչության ազատ տեղաշարժման իրավունքի ապահովումն է: Դա մենք բազմիցս հայտարարել ենք, ես նաև առիթ ունեցա նամակ հղել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին ի պատասխան Ադրբեջանի իշխանությունների կողմից այնտեղ սանձազերծված քարոզարշավին, որը շատ աղավաղված կերպով էր ներկայացնում Ստեփանակերտի օդանավակայանի հիմնահարցը»,- ասել է Կարեն Միրզոյանը:

ԼՂՀ արտաքին գերատեսչության ղեկավարը ևս մեկ անգամ հաստատել է, որ հարցը ձգձգվում է տեխնիկական պատճառներով:

«Սովետական Միության ժամանակ ավիացիոն անվտանգության պահանջները, պայմանները շատ տարբեր էին: Մենք, փաստորեն, զրոյից վերակառուցել ենք օդանավակայանը: Այնտեղ տեղադրվում է ամենաժամանակակից տեխնիկա, որը չափազանց բարդ կլիմայական պայմաններում հնարավորություն կտա անխափան, անվտանգ թռիչք ապահովել: Հաշվի առնելով այն քաղաքական թոհուբոհը, որը Ադրբեջանն արհեստականորեն ստեղծում է այս հարցի շուրջ, ցանկացած տեխնիկական վթար կարող է շատ այլ մեկնաբանությունների առիթ տալ: Այդ պատճառով հիմա իշխանությունների համար թիվ մեկ խնդիրն է ունենալ 99 տոկոս վստահություն, որ օդանավակայանն աշխատելու է անխափան և առանց որևէ խնդրի»,- ասել է ԼՂՀ արտգործնախարարը: