6 դեկտեմբերի 2012 - 19:20 AMT
Ճարտարապետները՝ ՀՀ ու ԼՂՀ նախագահներին. Այս գործելակերպը Գանձասարի հանդեպ պատվաբեր չէ

«Պատմական հուշարձանները վերականգնող ճարտարապետների հայկական ասոցիացիա»-ն բաց նամակ է ուղարկել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին ու ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանին՝ խնդրելով ուշադրություն դարձնել Գանձասարի եկեղեցու պարսպապատերի սալիկապատման աշխատանքների վերսկսմանը:

«Մեծարգո ՀՀ նախագահ պրն. Ս. Սարգսյան, Մեծարգո ԼՂՀ նախագահ պրն. Բ. Սահակյան,

Գանձասարի վանքային համալիրի պարիսպների ճակատների սալիկապատման աշխատանքները 2011թ.մասնագիտական և հանրային մեծ քննադատական ալիք բարձրացրին: Այնուհետև ՀՀ նախագահի աշխատակազմին կից հանրային խորհրդում, Արցախի համապատասխան իրավասու մարմիններում և մասնագիտական ու հասարակական կազմակերպություններում քննարկումների արդյունքում դադարեցվեցին: Հույս ունեինք, որ այս դադարի ընթացքում կկատարվեր սթափ և մասնագիտօրեն ճիշտ որոշում, սակայն կատարվեց ճիշտ հակառակը: 2012թ.աշխատանքները ֆինանսավորող բարերարը հավանաբար ստանալով այսօրվա որոշ իշխանավորների և հոգևոր առաջնորդարանի հրահանգ-համաձայնությունները (առանց որի չեր կարող լինել) շարունակում է վանքի պատմական պարսպապատերի սալիկապատման-պճնման աշխատանքները: Քանի որ երևույթը և գործող անձինք նույնն են, ինչ 2011թ., ուստի ՀՀ Պատմական հուշարձանները վերականգնող ճարտարապետների ասոցիացիան իր տեսակետը խնդրին արտահայտում է կից ներկայացվող 2011թ. ընդունած որոշմամբ, ավելացնելով հետևյալը.

Քանի որ հիշյալ հարցը նորից բարձրացվում է նման աղմկահարույց քննարկումներից հետո, ուստի այսօրվա որոշ իշխանավորների կողմից (մեզ համար ՀՀ և Արցախի իշխանությունները համարժեք են) հաստատվում է մասնագետների կարծիքը ոչ միայն չհարգելու, այլև կարծես միտումնավոր դրան հակառակ գործելու սկզբունքը, ընդ որում` այս անգամ ի հաշիվ համաշխարհային նշանակություն և ճանաչում ունեցող հուշարձանի, (ցավալիորեն հավանաբար որևե կերպ աջակցություն ստանալով նաև հոգևոր առաջնորդարանից):

Վերոնշյալը համարելով նաև պետական-ազգային նշանակության հարց և այլ ճանապարհ չունենալով Ասոցիացիան իր մասնագիտական և քաղաքացիական պարտքն է համարում դիմել ՀՀ և Արցախի նախագահներին խնդրելով ներազդել հիշյալ գործընթացը օրինական և մասնագիտական դաշտ բերելու, հետևաբար նաև բարերարի գումարները նպատակային օգտագործելու համար, քանի որ նման գործելակերպը պատմաճարտարապետական արժեքի հանդեպ պատվաբեր չէ ցանկացած պետության (նաև բարեգործության) համար և ավելորդ բացասական վարկանիշ է ստեղծում մասնագիտական հայկական և միջազգային շրջանակներում, հետևաբար՝ զրկելով նաև հուշարձանը համաշխարհային արժեքների ցանկում ներկայացնելու իրավունքից (նման կոպիտ միջամտությունները հակասում են և անթույլատրելի են հուշարձանների վերականգնման միջազգային ընդունված չափորոշիչներով), իսկ այս փաստարկը հասկանալի պատճառներով հայ գենոֆոնդի համար, կարծում ենք, գերխնդիրներից մեկը պետք է լինի, վերջին հաշվով սա լինելով վատ նախադեպ կարող է դառնալ նաև բացասական վարակիչ երևույթ…Կարծում ենք՝ մենք պետություն ենք, ուստի բոլորս անկախ դիրքից, պաշտոնից, մասնագիտությունից և ունեցած կարողությունից, մեր կատարած քայլերով պատասխանատու ենք պետության գրված և չգրված օրենքների առաջ, հարգանք ու ակնածանք ունենալով սեփական ժողովրդի ստեղծած ազգային, առավել ևս՝ համաշխարհային արժեքների հանդեպ:

Հուսով ենք, Ձեր միջամտությամբ կատարվող աշխատանքները անհապաղ կդադարեցվեն և այս խնդիրը կստանա ճիշտ լուծում, որի հետագա մասնագիտական ընթացքի համար անհրաժեշտության դեպքում Ասոցիացիան պատրաստ է համագործակցության ցանկացած ձևաչափով հանուն Գանձասարի համալիրի, այլապես կատարված աշխատանքները ժամանակի քննությանը միևնույն է, չեն դիմակայելու և վաղ թե ուշ քանդվելու են, ափսոս են և գումարները, և ժամանակը, այն դեպքում երբ վանքի հիմնական կառույցները դրանց կարիքը խիստ զգում են», - ասված է նամակում:

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 1-ին PanARMENIAN.Net-ն ահազանգ էր ստացել, որ վերսկսել են նախորդ տարի դադարեցված Գանձասարի եկեղեցու պարսպապատերի սալիկապատման աշխատանքները: PanARMENIAN Photo-ի լուսանկարիչ Արեգ Բալայանը շտապել էր եկեղեցի ու հաստատել, որ շինարարական աշխատանքներն արդեն մեկ շաբաթ է, ինչ վերսկսել են: