6 դեկտեմբերի 2012 - 19:24 AMT
Մայր Աթոռում ամփոփվեց «Լավագույն ուսուցիչ» ամենամյա հանրապետական մրցույթը

Դեկտեմբերի 6-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում` Գևորգյան հոգևոր ճեմարանի հանդիսությունների դահլիճում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսի օրհնությամբ տեղի ունեցավ «Լավագույն ուսուցիչ» ամենամյա հանրապետական մրցույթի 2012 թ-ի հաղթողների մրցանակաբաշխության հանդիսությունը:

ՀՀ ԿԳ նախարարի անունից ողջույնի և շնորհավորանքի խոսք ասաց ՀՀ ԿԳ նախարարի տեղակալ Կարինե Հարությունյանը, ով իր խոսքում անդրադարձավ Հայոց եկեղեցու կարևոր դերակատարությանը հայ ժողովրդի կյանքում, մասանավորապես կրթության և գիտության ոլորտում:

Այնուհետև Էջմիածնի Վանական խորհրդի նախագահ և Հրատարակչական բաժնի տնօրեն Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննսիյանն ու ՀՀ ԿԳ նախարարի տեղակալ Կարինե Հարությունյանը մրցույթի հաղթողներին հանձնեցին մրցույթի մասնակցության վկայականներ, դրամական պարգևներ և հոգևոր գրականություն:

Առաջին մրցանակի արժանացան «Հայոց պատմություն» առարկայի ուսուցիչ Արշալույս Զուրաբյանը (ՀՀ Լոռու մարզ, Վանաձորի թիվ 11 ավագ դպրոց), «Հայոց Եկեղեցու պատմություն» առարկայի ուսուցչուհի Մարիամ Հարությունյանը (Երևան, թիվ 113 միջնակարգ դպրոց), «Հայոց լեզու և գրականություն» առարկայի ուսուցչուհի Գայանե Անդրեասյանը (ՀՀ Տավուշի մարզ, Նոյեմբերյանի ավագ դպրոց), «Քիմիա» առարկայի ուսուցչուհի Սեդա Հակոբյանը (ՀՀ Արագածոտնի մարզ, Աշտարակի թիվ 5 ավագ դպրոց), դասվար Անուշ Ալավերդյանը (Երևան, թիվ 51 հիմնական դպրոց): Երկրորդ մրցանակ ստացան 9, իսկ երրորդ մրցանակ` 14 ուսուցիչներ:

«Լավագույն ուսուցիչ» ամենամյա մրցույթը Մայր Աթոռի և ՀՀ Կրթության և գիտության նախարարության համագործակցության շրջանակում իրականացվում է 2004 թվականից, կազմակերպվում է Մայր Աթոռի բարերար ամերիկաբնակ Սիլվա Տեր-Ստեփանյանի հովանավորությամբ: Մրցույթն անցկացվում է ՀՀ բոլոր մարզերում և Երևան քաղաքում` մարզային և հանրապետական փուլերով, որի արդյունքներն ամփոփվում են հանդիսավոր մրցանակաբաշխության ընթացքում: Մրցույթին մասնակցում են «Հայոց Եկեղեցու պատմություն», «Հայոց պատմություն», «Հայոց լեզու և գրականություն», «Բնագիտություն» (ֆիզիկա, քիմիա, կենսաբանություն) առարկաների ուսուցիչներ, ինչպես նաև տարրական դպրոցների դասվարներ: