6 դեկտեմբերի 2012 - 19:32 AMT
Հայ գրատպության 500-ամյակի միջոցառումների շարքը կավարտվի Գերմանիայում

Դեկտեմբերի 7-ին Հայ գրատպության 500-ամյակի և «Երևանը 2012թ. գրքի համաշխարհային մայրաքաղաք» ծրագրերի շրջանակում Գերմանիայում Մայնցի Գուտենբերգի թանգարանում կբացվի «Պատկերագեղ գրչարվեստի թովչանքը. հայ գրատպության 500-ամյակը» խորագրով ցուցահանդեսը: Միջոցառմանը ներկա կգտնվի ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը:

Բացառիկ ցուցանմուշների միջոցով ցուցահանդեսը կանդրադառնա Գերմանիայում դեռևս չներկայացված հայ գրատպության պատմության վաղ շրջանի կարևոր դրվագներին: Ցուցահանդեսում ներառված են 1468թ. Մայնցի տաճարի քահանա Բերնհարդ ֆոն Բրայդենբախի «Peregrinatio in terram sanctam» (Ուխտագնացություն դեպի Սուրբ երկիր) ուղեգրում զետեղված հայոց այբուբենի առաջին տպագրությունը և 1680թ. Լայպցիգում տպագրված առաջին հայատառ գիրքը: Հիմնականում ներկայացված են գրքեր և ձեռագրեր Բեռլինի պետական գրադարանից, Հալեի (Զաալե) գերմանական արևելագիտական ընկերության, Մյունխենի բավարական պետական և ՀՀ Ազգային գրադարաններից:

Ցուցահանդեսը կամփոփի հայ գրատպության 500-ամյա ավանդույթին նվիրված տոնակատարությունների շարքը, որը հոբելյանական տարվա նախաշեմին սկիզբ է առել առաջին հայ գրքի տպագրության ծննդավայր Վենետիկում: Ցուցահանդեսը կգործի մինչև 2013 թ. մարտի 17-ը, հաղորդում է ՀՀ մշակույթի նախարարությունը:

Մայնցում Գուտենբերգի թանգարանը, ավելի քան 100 տարի վառ պահելով Յոհաննես Գուտենբերգի գյուտը, այսօր հանդիսանում է կարևորագույն թանգարանային կենտրոններից մեկը, որտեղ ներկայացվում է գրքի և տպագրության պատմական զարգացումը Եվրոպայում և աշխարհում` իր հարկի տակ ընդունելով տարեկան ավելի քան 100 հազար այցելու: