2 հունիսի 2005 - 11:41 AMT
ԲԵՍԼԱՆԻ ԵՐԵԽԱՆԵՐԸ ՀԱՆԳՍՏԱՆԱԼՈՒ ԿԳԱՆ ՀԱՅԱՍՏԱՆ
Հունիսի 1-ին Բեսլանի պանթեոնում տեղադրվել է խաչքար, որը Հյուսիսային Օսիա են տեղափոխել Հայաստանի Հանրապետության երեխաների պաշտպանության հիմնադրամի ներկայացուցիչները: Հուշարձանը օծվել է Վլադիկովկասի հայկական եկեղեցում, տեղեկացնում է «Ռեգնում» լրատվական գործակալությունը: Ինչպես հայտարարել է հիմնադրամի ղեկավար Ալեքսանդր Գեւոեւը, Հայաստանում լավ հիշում են Սպիտակում տեղի ունեցած երկրաշարժի հետեւանքների վերացմանը մասնակցած օսեթ կամավորներին: Հայ ժողովուրդը Օսիայի բազմազգ բնակչության հետ մեկտեղ սգում է Բեսլանում իրականացված ահաբեկչության զոհերի համար, ասել է Ա.Գեւոեւը: Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանի անունից նա մի խումբ բեսլանցի դպրոցականների հանգստանալու է հրավիրել «Սեւան» առողջարարական ճամբարում: