7 դեկտեմբերի 2012 - 15:22 AMT
Այս պահին Հայաստանում աշխատանք է փնտրում 73 հազար մարդ

2012թ. դեկտեմբերի 1-ի դրությամբ Հայաստանում աշխատանք է փնտրում 73 հազար մարդ : Այդ մասին այսօր ասուլիսում նշեց Հայաստանի Զբաղվածության պետական ծառայության պետ Սոնա Հարությունյանը, որը մի քանի օր առաջ նշանակվել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության փոխնախարարի պաշտոնում: Նրա խոսքով` աշխատանք փնտրողների թիվը նախորդ տարվա համեմատ նվազել է 13.4%-ով (82,8 հազ. մարդ), իսկ գործազուրկների թվաքանակը կազմում է աշխատանք փնտրողների 85.9%-ը կամ 62,7 հազ. մարդ: Ընդ որում` այդ ցուցանիշը, Հարությունյանի խոսքով, նախորդ տարվա համեմատ նվազել է 10.8%-ով (69,5 հազար մարդ):

Սոնա Հարությունյանը նշեց, որ շարունակում է բարձր մնալ գործազուրկ կանանց թիվը` կազմելով գործազուրկների թվի 72,9%-ը կամ 45,7 հազ. մարդ: «Երիտասարդները գործազուրկների 21,2%-ն են կազմում` 13,3 հազ. մարդ»,- ասաց նա: