7 դեկտեմբերի 2012 - 17:58 AMT
Գյուղատնտեսական աջակցման ծրագրերը կշարունակվեն նաև 2013 թվականին

Այսօր ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը Սյունիքում մասնակցել է մարզպետարանի նիստին: Նիստում Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանը մարզի համայնքներին և տնտեսություններին ցուցաբերած աջակցության, գյուղատնտեսության բնագավառում մատուցած նշանակալի ծառայությունների համար նրան պարգևատրել է Ակսել Բակունցի ոսկե հուշամեդալով, հայտնում է նախարարության մամլո ծառայությունը:

Նույն նիստում, ՀՀ գյուղատնտեսության նախարարն արժանացել է նաև Գորիսի պատվավոր քաղաքացու պարտավորեցնող կոչմանը:

Իր հերթին՝ Սերգո Կարապետյանը Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանին է հանձնել, դեռևս հոկտեմբեր ամսին Գյուղատնտեսության աշխատողի օրվա կապակցությամբ վեջինիս ստացած ՀՀ գյուղատնտեսության նախարարության ոսկե մեդալը:

Այսքանը պարգևատրումների մասին: Իսկ այժմ մարզխորհրդի նիստի հետագա ընթացքի մասին: Ամփոփելով 2012 թվականին մարզի գյուղատնտեսության ոլորտում իրականացված աշխատանքները, մարզպետը ՀՀ գյուղատնտեսության նախարարին է ներկայացրել նախորդ տարվա բնագծերը բոլոր առումներով գերազանցող ցուցանիշները, վերջինիս ուշադրությունը հրավիրելով նաև այն հիմնախնդիրների ու անելիքների վրա , որոնց լուծման գործում մարզն ակնկալում է ՀՀ կառավարության և մասնավորապես, ՀՀ գյուղատնտեսության նախարարի գործնական աջակցությունը:

Իր ելույթում ՀՀ գյուղատնտեսության նախարարը բարձր է գնահատել մարզի գյուղատնտեսության ոլորտի ընթացիկ տարվա ձեռքբերումները՝ վերջիններիս հիմքում կարևորելով իշխանությունների կողմից 2012 թվականին իրականացված գյուղատնտեսական աջակցման ծրագրերը: ‹‹2013 թվականին նույնպես նշված ծրագրերը շարունակական են լինելու››,- խոստացել է նախարարը: Անդրադառնալով գյուղատնտեսության զարգացման կարևորագույն մյուս բաղադրիչին՝ գյուղատնտեսական կոոպերատիվների ստեղծման ծրագրին , Սերգո Կարապետյանը մասնավորապես ասել է. ‹‹Կոոպերատիվները մեր գյուղատնտեսության զարգացման հեռանկարի հիմքն են: Միայն վերջիններիս շնորհիվ է հնարավոր այսօր լուծել գյուղատնտեսության առջև ծառացած բազմաթիվ խնդիրներ, մասնավորապես տեխնիկական վերազինման խնդիրը››:

Համայքներում ստեղծվող կոոպերատիվների վերաբերյալ նախարարը նշել է, որ Սյունիքի մարզի 11 համայքներում արոտավայերրի բարելավման ծրագրի շրջանակներում արդեն ստեղծվել են նման կոոպերատիվներ: ԾԻԳ-ի խնայողությունների հաշվին նոր տարում ևս երեք համայքներ կընդգրկվեն նշված ծրագրում, իսկ ծրագրի իրականացման երկրորդ փուլում նրանց կմիանան ևս 10 նոր համայնքներ: