7 դեկտեմբերի 2012 - 18:04 AMT
ՊԵԿ-ը պարզաբանում է ID քարտ ստանալու ընթացակարգը

Երկու օր առաջ` դեկտեմբերի 5-ին, PanARMENIAN.Net-ն ահազանգ էր ստացել այն մասին, որ Երևան քաղաքի հարկային տեսչություններից մեկում գործատուից ID (նույնականացման) քարտ են պահանջել: Տեսչությունում հայտնել էին, որ բոլոր գրանցված կազմակերպությունների տնօրեններն ու գործատուները հաջորդ տարի որևէ գործարք իրականացնելու համար պետք է պարտադիր կերպով ունենան ID քարտ: ՀՀ Ոստիկանությունից տեղեկացրել էին, որ ID քարտերի ստացումը երբևէ պարտադրված չի եղել: «Նույնականացման քարտ ունենալը 2013թ. հունվարի 1-ից պարտադիր է լինելու միայն էլեկտրոնային ստորագրություն ստանալու համար:

Այսօր PanARMENIAN.Net-ի հարցմանը պատասխանեց ՀՀ Պետական եկամուտների կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը: Պատասխանում, մասնավորապես, հղում է կատարվում 2013թ. հունվարի 1-ից ուժի մեջ մտնող «Եկամտային հարկի մասին» ՀՀ օրենքին` հաստատելով ոստիկանության տրամադրած տեղեկատվությունը: Բացի այդ, հղում է կատարվում ՀՀ կառավարության 25.10.2012թ.-ի թիվ 1358-Ն որոշման 3-րդ կետին, որի համաձայն` նույնականացման քարտի միջոցով էլեկտրոնային թվային ստորագրությունը սուբսիդավորման միջոցով կարող են ձեռք բերել այն քաղաքացիները, ովքեր մինչև 2012 թվականի նոյեմբերի 30-ը դիմել են Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի համակարգում գրանցվելու նպատակով: «ՀՀ կառավարությանն առընթեր Պետեկա¬մուտ¬¬ների կոմիտեն ամսական կտրվածքով ԷԿԵՆԳ ընկերությանն է տրամադրում անձնավորված հաշվարկի համար դիմած քաղաքացիների ցուցակը` սուբսիդավորման նպատակով: Հաշվի առնելով վերը նշվածը և այն հանգամանքը, որ 2013թ. հունվարի 1-ից մինչ այդ գործող էլեկտրոնային ստորագրությունների համակարգից («CoSign») կարող են օգտվել միայն օտարերկյա քաղաքացիները և այն ՀՀ քաղաքացիները, ովքեր չունեն հանրային ծառայությունների համարանիշ (ՀԾՀ), ՀՀ ԿԱ ՊԵԿ ՀՏ/ՏՀՏ-ները հարկ վճարողներին տեղեկացնում են նույնականացման քարտի անհրաժեշտության մասին»:

Պատասխանում նշվում է նաև, որ էլեկտրոնային ստորագրությունների տրամադրման գործընթացը ՀՀ ԿԱ ՊԵԿ-ի գործառույթների շրջանակներից դուրս է: Նույնականացման քարտի տրամադրումն իրականացնում է ՀՀ ԿԱ ոստիկանությունը, իսկ էլեկտրոնային ստորագրության ծրագրային ապահովմամբ` ԷԿԵՆԳ ընկերությունը: