7 դեկտեմբերի 2012 - 18:42 AMT
Կարեն Միրզոյան. Անհրաժեշտ է վերականգնել կարգավորման գործընթացի բոլոր փուլերին ԼՂՀ լիարժեք մասնակցությունը

Դեկտեմբերի 5-ին ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի և Սենատի անդամները ԱՄՆ հայ համայնքի հարյուրից ավելի ղեկավարների հետ Կապիտոլիումում մասնակցել են Լեռնային Ղարաբաղի անկախությանը նվիրված միջոցառմանը, որտեղ ելույթով հանդես է եկել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանը:

Միջոցառումը, որը տեղի է ունեցել Կապիտոլիումի պատմական Ռասել շենքում, կազմակերպվել է Կոնգրեսի հայկական հարցերի հանձնախմբի համանախագահներ Ֆրենկ Փալոունի և Էդ Ռոյսի, (որը 2013 թ. հունվարից կգլխավորի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովը) ինչպես նաև ԱՄՆ-ում ՀՀ դեսպանատան, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ներկայացուցչության և Ամերիկայում առաջատար հայկական կազմակերպությունների հովանավորությամբ ու համագործակցությամբ: Միջոցառմանը մասնակցում էին դիվանագետներ, հոգևոր առաջնորդներ, փորձագիտական շրջանակների ներկայացուցիչներ, կոնգրեսականներ, ամերիկահայ համայնքի ղեկավարներ, տեղական և միջազգային զանգվածային լրատվական միջոցների ներկայացուցիչներ:

21 տարի առաջ անցկացրած Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախության հանրաքվեում Արցախի ժողովուրդը ճնշող մեծամասնությամբ կողմ արտահայտվեց անկախ պետականությանը և ինքնուրույն արտաքին քաղաքականության իրականացմանը: 2006թ. դեկտեմբերի 10-ին Արցախի Հանրապետության քաղաքացիները վերահաստատեցին ազատ և անկախ պետությունում ապրելու իրենց ընտրությունը` ընդունելով Արցախի մայր օրենքը` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Սահմանադրությունը: Այն ամրագրեց պետական ինքնիշխանության հիմնարար սկզբունքները և ազդարարեց Հանրապետության զարգացման նոր փուլը:

Պարոն Միրզոյանն իր ելույթում ընդգծել է Մարդու իրավունքների միջազգային օրն անցկացված ժողովրդավարական հիմունքներով հանրաքվեի խորհուրդն ու կարևորությունը: Նա նշել է. «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության համար անկախությունը ոչ թե ինքնանպատակ է, այլ որպես միջազգային հանրության պատասխանատու անդամ` իր օրինական տեղը զբաղեցնելու միջոց, որի շնորհիվ Արցախի բնակիչները կարող են լավագույնս օգտագործել իրենց ներուժն ու հասնել իրենց ձգտումներին, լիովին իրացնել իրենց իրավունքներն ու հիմնարար ազատությունները»:

Անդրադառնալով ղարաբաղա-ադրբեջանական հակամարտության կարգավորմանը` Կարեն Միրզոյանն ընդգծել է Արցախի հավատարմությունը հակամարտության խաղաղ կարգավորմանը, որը համընկնում է միջազգային հանրության դիրքորոշմանը: Նա նաև վստահություն է հայտնել, որ «արդյունավետ բանակցությունների համար անհրաժեշտ է վերականգնել կարգավորման գործընթացի բոլոր փուլերին Արցախի լիարժեք մասնակցությունը»:

Իր խոսքում Կարեն Միրզոյանը երախտագիտություն է հայտնել Միացյալ Նահանգներին և մյուս միջնորդներին ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված ջանքերի համար: Նա, մասնավորապես, ընդգծել է, որ «ԼՂՀ ներգրավումը միջազգային գործընթացներում ազդակ կլինի Ադրբեջանի համար ռևանշիստական նկրտումներից հրաժարվելու և դրսևորելու քաղաքական կամք՝ հանուն կայուն և կանխատեսելի Հարավային Կովկասի»:

Դեսպան Մարգարյանը միջոցառման ժամանակ իր երախտագիտությունն է հայտնել Կոնգրեսի հայկական հարցերի հանձնախմբին՝ Արցախի անկախության, անվտանգության և ժողովրդավարական զարգացմանն ուղղված մշտական աջակցության համար: Նա խստորեն դատապարտել է Ադրբեջանի թշնամական գործողությունները և ընդգծել միջազգային հանրության կողմից Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախության ճանաչման և սատարման անհրաժեշտությունը: Դեսպան Մարգարյանը ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի անունից «Մխիթար Գոշ» մեդալներ է հանձնել Ներկայացուցիչների պալատի անդամներ Աննա Էշուին և Բրեդ Շերմանին՝ հայկական հարցերի հանգուցալուծման ուղղությամբ ունեցած մեծ ներդրման համար: ԼՂՀ արտգործնախարար Կարեն Միրզոյանն, իր հերթին, հուշամեդալներ է հանձնել Աննա Էշուին և Բրեդ Շերմանին:

Կոնգրեսականները շնորհավորել են Արցախի ժողովրդին ԼՂՀ անկախության 21-ամյակի և ԼՂՀ Սահմանադրության ընդունման 6-ամյակի կապակցությամբ և իրենց աջակցությունն են հայտնել Արցախի անկախության օրինականությանը և անկախությունից ի վեր ունեցած ձեռքբերումներին: Նրանք իրենց պատրաստակամությունն են հայտնել շարունակելու օժանդակել Արցախի հանրապետության միջազգային ճանաչմանը և դատապարտել են Ադրբեջանի իշխանությունների կողմից հակահայկական սպառնալիքների ու հայատյացության քաղաքականության ուժեղացումը, որի գագաթնակետն էր վերջերս Ադրբեջանի նախագահ Հեյդար Ալիևի կողմից մարդասպանության համար ցմահ դատապարտված Ռամիլ Սաֆարովին ներում շնորհելը:

Իր բացման խոսքում կոնգրեսական Փալոունը, ով միջոցառման համակարգողն էր, նշեց, որ Արցախի ժողովուրդն իր ինքնորոշման իրավունքն իրացրել և անկախություն է հռչակել ազգային և միջազգային իրավունքի բոլոր նորմերին, իրավական նախադեպերին և ժողովրդավարական ավանդույթներին համապատասխան: Նա կոչ է արել շարունակել Ամերիկայի աջակցությունը Արցախի ժողովրդավարությանը: Խոսքով հանդես եկան նաև սենատոր Ջեկ Ռիդը (Ռոդ Այլընդ), Ներկայացուցիչների պալատի անդամներ Ադամ Շիֆը (Կալիֆորնիա), Բրեդ Շերմանը(Կալիֆորնիա), Աննա Էշուն (Կալիֆորնիա), Դեյվիդ Քիքիլայնը (Ռոդ Այլընդ), Էլիոտ Էնգելը (Նյու Յորք), Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նորընտիր բարձրաստիճան ներկայացուցիչները, ինչպես նաև սենատոր Ռոբերտ Մենենդեսը (Կալիֆորնիա) և Կոնգրեսական Ջեքի Սպայերը (Կալիֆորնիա): Միջոցառման մասնակիցների թվում էին Ներկայացուցիչների պալատի անդամներ Ջեֆ Դենհամը և Լինդա Սանչեսը: Միջոցառմանը ներկա էր նաև ՀՀ-ում ԱՄՆ նախկին դեսպան Ջոն Էվանսը, ով հանդես է եկել ելույթով:

Ծրագիրը ամփոփվել է Ադրբեջանից հայ փախստական Աննա Աստվածատրյան-Տուրկոտի ազդեցիկ ելույթով, ով Բաքվում հակահայկական բռնությունների ականատեսն է եղել: Նա հուզիչ կերպով պատմել է այդ սարսափելի օրերի մասին, որոնք ավելի են վերահաստատել Արցախը ազատ տեսնելու նրա համոզմունքը: Վերջերս նա իր հուշագրություններն է հրատարակել` վերնագրված «Դեպի ոչ մի տեղ. տարագրության պատմություն», որը պատմում է Բաքվում նրա կյանքի և Բաքվի հայազգի քաղաքացիների դեմ Ադրբեջանի գազանությունների մասին: Նա համաշխարհային հանրությանը կոչ է արել հավուր ուշադրության արժանացնել Ադրբեջանից հայ փախստականների խնդրին և հույս հայտնել, որ մի օր Ադրբեջանի հասարակությունը ի վիճակի կլինի հաղթահարել հայերի նկատմամբ ատելությունը:

Միջոցառումը եզրափակվել է Հայ Առաքելական եկեղեցու Ամերիկայի արևելյան թեմի ներկայացուցիչ Արքեպիսկոպոս Վիգեն Հայկազյանի, ինչպես նաև Վաշինգտոնում երկու հայկական եկեղեցիների սուրբ հայրերի օրհնության ծեսով, հայտնում է ԼՂՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը: