8 դեկտեմբերի 2012 - 12:31 AMT
ԱՄՆ Կոնգրեսը վստահ չէ, որ Իրանը կարող է մինչև 2015թ. միջմայրցամաքային բալիստիկ հրթիռ ստեղծել

ԱՄՆ Կոնգրեսի հետազոտական ծառայությունը կասկածի տակ է առել ԱՄՆ հետախուզության այն տվյալները, թե մինչև 2015թ. Իրանը կարող է միջմայրցամաքային բալիստիկ հրթիռ ստեղծել, որը կսպառնա ԱՄՆ տարածքին:

Զեկույցում ասվում է, որ Իրանի հրթիռային ծրագիրը դանդաղել է անհրաժեշտ նյութերի ու տեխնոլոգիաների պակասի պատճառով: Թեհրանն ի զորու չէ սեփական ուժերով ստեղծել նման հրթիռ և չի կարող ներկրել այն արտերկրից կոշտ միջազգային պատժամիջոցների պատճառով:

Ըստ Վաշինգտոնի Սպառազինությունների վերահսկման ասոցիացիայի առաջատար աշխատակից Թոմ Կոլինայի, Կոնգրեսի հետազոտական ծառայության նոր զեկույցը ցույց է տալիս, որ ԱՄՆ կարող է «առավել զուսպ» արձագանքել Իրանի սպառնալիքին: «Մենք մինչև 2015թ. հակահրթիռային պաշտպանություն ծավալելու անհրաժեշտություն չունենք և կարող ենք շատ չշտապել Եվրոպայում ՀՀՊ համալիրների տեղակայման առումով»,-ասել է փորձագետը, հայտնում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը: