8 դեկտեմբերի 2012 - 14:10 AMT
ANCA. ԵԱՀԿ ՄԽ-ն կեղծ անաչառություն է դրսևորում Երևանի ու Բաքվի հանդեպ՝ ոչնչով չօգնելով կարգավորմանը

Ամերիկայի Հայ Դատի հանձնախմբի (ANCA) գործադիր տնօրեն Արամ Համբարյանը հիասթափություն է հայտնել Դուբլինում ընդունված ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրների պատվիրակության անդամների հայտարարության առնչությամբ, որտեղ համանախագահները արհեստական անաչառություն են պահպանում Հայաստանի ու Ադրբեջանի հանդեպ՝ չանդրադառնալով Հայաստանի հանդեպ ադրբեջանական կառավարության շարունակվող ագրեսիային, հայատյացության գովաբանմանը, որի օրինակն է մարդասպան Ռամիլ Սաֆարովի ներումն ու հերոսացումը:

«Մինսկի խումբը վատ ծառայություն մատուցեց խաղաղության հաստատմանը՝ հերթական անգամ կեղծ սիմետրիա պահպանելով Ղարաբաղի հարցում»,- ասել է Արամ Համբարյանը

«Որքան էլ քաղաքականապես հիմնավորված լինեն արհեստական անաչառությունը պահպանելու փորձերը, փաստերն անուրանալի են՝ Ադրբեջանն այն երկիրն է, որը սկսեց Արցախում ժողովրդավարության ոչնչացմանն ուղղված պատերազմը և պարտվեց, որը սպառնում է օգտագործել իր ողջ ռազմական ներուժը պատերազմի վերսկսման համար: Բաքուն է, ոչ թե Երևանը, մերժում դիպուկահարներին շփման գծից ետ տանելու հորդորները և խանգարում է ԼՂՀ լիարժեք մասնակցությանը բանակցություններին:

Դուբլինյան հայտարարությունը չվաստակած բարեգործություն է Իլհամ Ալիևի ռեժիմի համար, որտեղ կոչ է արվում երկու կողմերին ձեռնպահ մնալ թշնամական գործողություններից, թեև ակնհայտ է, որ կառավարությունից սնուցվող ատելությունը միայն Բաքվից է գալիս: Այդ արհեստական հավասարությունը կողմերի միջև կարող է ծառայել որոշ քաղաքական նպատակների, սակայն, ցավոք, ՄԽ նման արհեստածին հայտարարությունը չի նպաստում խաղաղության հաստատմանը»,-հայտարարել է Արամ Համբարյանը:

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, ԱՄՆ պետքարտուղար Հիլլարի Քլինթոնը և եվրոպական հարցերով Ֆրանսիայի նախարար Բեռնար Կազենևը Դուբլինում ընթացող ԵԱՀԿ ԱԳՆԽ նիստի շրջանակում, հանդես են եկել հայտարարությամբ:

Հայտարարությունում, մասնավորապես, ասվում է. «Օգտվելով Դուբլինում ընթացող ԵԱՀԿ ԱԳՆԽ նիստի շրջանակներում տեղի ունեցած հանդիպումից, մենք` ԵԱՀԿ ՄԽ համանախագահ-երկրների պատվիրակությունների ղեկավարներս, կոչ ենք անում ղարաբաղյան հակամարտության կողմերին ցուցաբերել քաղաքական կամք, որն անհրաժեշտ է խաղաղ լուծման հասնելու համար:

Ինչպես 2010-ի հունիսի 18-ին Լոս Կաբոսում հայտարարել են մեր երկրների նախագահները, կողմերը պետք է առաջնորդվեն Հելսիկյան սկզբունքներով, մասնավորապես, ուժի չկիրառմամբ կամ դրա կիրառման սպառնալիքի բացկայությամբ տարածքային ամբողջականությամբ, ժողովրդի ինքնորոշման իրավունքով, ինչպես նաև 2009-ին Ակվիլում և 2010-ին Մուսկոկում նախագահների հայտարարություններում ձևակերպված դրույթներով: Հիմնվելով 2011-ին Դովիլլում նախագահների հայտարարությունների վրա` կրկին կոչ ենք անում կողմերին որոշիչ քայլեր ձեռնարկել` խաղաղ լուծման հասնելու համար:

Ցավում ենք, որ հակամարտությունն արագ կարգավորելու վերաբերյալ սպասումները, որոնք ծնվել էին 2012-ի հունվարին Սոչիում Հայստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի նախագահների համատեղ հայտարարության ընդունումից հետո, չարդարացան: Ավելին, կողմերը բանակցությունների ընթացքում մտածում էին միակողմանի առավելությունների մասին, փոխանակ փոխըմբռնման վրա հիմնված լուծման ուղիներ փնտրելու: Վերջին ամիսներին շփման գծում լուրջ միջադեպերի քանակության նվազումը ճանաչելով` մենք հիշեցնում ենք հետագայում ևս հրադադարի ռեժիմը պահպանելու անհրաժեշտության մասին, ինչպես նաև այն մասին, որ ռազմական ուժի կիրառումը չի հանգեցնում հակամարտության լուծման: Կոչ ենք անում կողմերին զերծ մնալ հայտարարություններից և գործողություններից, որոնք հանգեցնում են ատելության և լարվածության ավելացման: Կողմերի առաջնորդները պետք է նախապատրաստեն իրենց ժողովուրդներին, որ մի օր նրանք կրկին ապրելու են որպես հարևաններ, այլ ոչ թե որպես թշնամիներ, հարգելու են միմյանց մշակույթները, պատմությունը և ավանդույթները:

Կոչ ենք անում կողմերին մեծ կայունություն դրսևորել` խաղաղության հասնելու հարցում, և համանախագահների հետ աշխատել միջնորդների` նոյեմբերին տարածաշրջան կատարած այցի արդյունքում առաջարկված գաղափարների շուրջ: Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեւջանի ԱԳ նախարարների` 2013-ի սկզբին համանախագահների ներկայությամբ հանդիպելու և առաջարկները քննարկելու պատրաստակամությունը: Մեր երկրները պատրաստ են անել իրենցից կախված ամեն բան, որպեսզի օգնեն կողմերին, սակայն ղարաբաղյան հակամարտության կարգավորման պատասխանատվությունը նրանց վրա է»: