8 դեկտեմբերի 2012 - 13:38 AMT
Սիրիահայ գործարարները շարունակում են ծանոթանալ հայաստանյան բիզնես միջավայրին

ՀՀ սփյուռքի նախարարության նախաձեռնությամբ, ՀՀ էկոնոմիկայի և գյուղատնտեսության նախարարությունների, ինչպես նաև Զարգացման հայկական գործակալության, Փոքր ու միջին ձեռնարկությունների զարգացման ծրագրերի կենտրոնի աջակցությամբ շարունակաբար հանդիպում-խորհրդակցություններ են հրավիրվում, որոնց նպատակը ներդրումների պատրաստակամություն ունեցող սիրիահայերին հայաստանյան բիզնես միջավայրի և իրավատնտեսական օրենսդրության առանձնահատկությունների վերաբերյալ իրազեկումն է:

Սիրիայում կայացած գործարարները ՀՀ սփյուռքի նախարարության առաջարկով այցելեցին Նոր Եդեսիայում գտնվող «ԱրմԱս» ՍՊԸ-ի կոնյակի և գինու գործարան: «ԱրմԱսի» տնօրեն Արմեն Ասլանյանը սիրիահայ գործարարներին պատմեց, որ Հայաստանից 20 տարվա բացակայությունից հետո վերջին 6 տարիներին վերադարձել է հայրենիք՝ ձեռք բերելով 180 հեկտար հողատարածք և իտալացի մասնագետների ներգրավմամբ կառուցել է 4000 քառակուսի մետր տարածք զբաղեցնող կոնյակի ու գինու գործարան, հիմնել՝ խաղողի և պտղատու ծառերի այգի:

Սիրիահայերը շրջեցին գործարանում, ծանոթացան արտադրության ողջ գործընթացին, տեխնոլոգիաներին, ստորագրեցին Սփյուռքի նախարար Հ. Հակոբյանի՝ «Խաղաղություն հալեպահայերին» մակագրությամբ գինու տակառի վրա, շրջեցին այգիներում: Այնուհետև մտքեր փոխանակեցին Հայաստանի տնտեսության ոլորտի օրենսդրության, հարկային ու մաքսային քաղաքականության մասին: Գործարարները տեղեկացան, որ սարքավորումների ներմուծման ընթացքում կազմակերպությանը հնարավորություն է ընձեռնված սահմանված կարգով հետաձգել ԱԱՀ-ի վճարումը: Ներկաները խորհրդակցեցին գյուղատնտեսության ոլորտի ռիսկերի, ինչպես նաև առկա խնդիրների մասին: «ԱրմԱսի» տնօրենն իր օրինակով փաստեց, որ պետությունը խրախուսում է ներդրումները կառավարության ծրագրերում գերակա ուղղություն հանդիսացող գյուղատնտեսության, գինեգործության ու կոնյակագործության բնագավառներում, նպաստում է նշված ոլորտների զարգացմանը: Ու թեև գործարանի առաջին արտադրանքը պատրաստ կլինի եկող տարվա մայիսին, վստահ է, որ արդյունավետ կընթանան նաև արդյունահանման գործընթացները:

Հանդիպման ավարտին գործարար սիրիահայերը կիսեցին իրենց կարծիքները, նշելով որ հանդիպումը կողմնորոշման առումով օգտակար էր իրենց առաջիկա ներդրումային ծրագրերը իրականացնելու գործում:

Ամփոփելով հանդիպումը՝ ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը հիշեցրեց վստահելի գործընկերներ ձեռք բերելու և որակյալ խորհրդատվության կարևորության մասին՝ շեշտելով, որ ՀՀ հարկային ու մաքսային օրենսդրության, բիզնեսի հիմնման վերաբերյալ խորհրդատվությունը անհրաժեշտ է ստանալ պետական կառույցների միջոցով, հաղորդում է նախարարության հաղորդում է տեղեկատվության և հեռահաղորդակցության վարչությունը: