3 հունիսի 2005 - 11:13 AMT
ԱՅՍՕՐ ԵՐԵՎԱՆՈՒՄ ՎԱՅՐԷՋՔ Է ԿԱՏԱՐԵԼ LUFTHANSA ԱՎԻԱԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՄՅՈՒՆՀԵՆԻՑ ԱՌԱՋԻՆ ԻՆՔՆԱԹԻՌԸ
Հունիսի 3-ի վաղ առավոտյան Երեւանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում վայրէջք է կատարել Lufthansa ավիաընկերության Մյունհենից առաջին ինքնաթիռը: Ինչպես Երեւանում մամուլի ասուլիսի ժամանակ տեղեկացրել է ընկերության Ռուսաստանի եւ ԱՊՀ երկրների հարցերով տնօրեն Գյունտեր Օտտը, գերմանական ավիաընկերությունը կիրականացնի տվյալ ուղերթով շաբաթական երեք թռիչք: Նրա խոսքերով` տվյալ ուղերթով թռիչքները կիրականացվեն A- 319 եւ A-320 ինքնաթիռներով երկուշաբթի, հինգշաբթի եւ կիրակի` Մյունհենից Երեւան, եւ երկուշաբթի, հինգշաբթի, ուրբաթ` հետադարձ ուղղությամբ: Մյունհենից թռիչքը կատարվում է ժամը 21:00-ին, Երեւան է ժամանում` ժամը 3:55, Երեւանից` 4:50, Մյունհեն է ժամանում` 6:00: ԻՆչպես տեղեկացվել էր ավելի վաղ, Երեւան-Մյունհեն պարբերաբար թռիչքների կազմակերպման կապակցությամբ Lufthansa ավիաընկերությունն առաջարկել է հատուկ գներ Հայաստանի մայրաքաղաքից Եվրոպա, Հյուսիսային Ամերիկա եւ Աֆրիկա մեկնող ուղեւորների համար: 2005 թվականի հունիսի 3-ից Lufthansa ավիաընկերության առաջարկությունների նոր փաթեթից օգտվող ուղեւորները հնարավորություն են ստանում Երեւանից մեկնել Գերմանիայի ցանկացած քաղաք` Մյունհեն, Բեռլին, Ֆրանկֆուրտ, Դրեզդեն եւ այլն 299 դոլարով, Եվրոպայի ցանկացած քաղաք` Ամստերդամ, Լոնդոն, Բրյուսել, Հռոմ, Մադրիդ, Միլան եւ այլն 349 դոլարով, ինչպես նաեւ աֆրիկյան եւ հյուսիսամերիկյան ուղղություններով` 599 դոլարով: Աղբյուրի համաձայն` հատուկ առաջարկությունը գործում է հունիսի 3-ից մինչեւ հոկտեմբերի 24-ը: Տոմսերի վաճառքն իրականացվում է մինչեւ 2005 թվականի հունիսի 30-ը, տեղեկացնում է «Ռեգնում» լրատվական գործակալությունը: