8 դեկտեմբերի 2012 - 16:38 AMT
Մայնցում բացվեց հայ գրատպության 500-ամյակին նվիրված վերջին ցուցահանդեսը

Դեկտեմբերի 7-ին Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը Գերմանիա կատարած պաշտոնական այցի շրջանակում եղավ Մայնց քաղաքում: Ինչպես հաղորդում է կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը, Մայնցում Տիգրան Սարգսյանը հանդիպում ունեցավ Ռեյնլանդ Պֆալթս երկրամասի վարչապետ Կուրտ Բեկի հետ, որի ընթացքում քննարկվեցին երկկողմ համագործակցության հնարավորությունները, մասնավորապես գյուղատնտեսության, ճշգրիտ սարքաշինության, տուրիզմի, դեղագործության ոլորտներում: Քննարկվեց նաև փոքր և միջին ձեռնարկատիրության համատեղ ծրագրերի իրականացման հեռանկարները:

Այնուհետև ՀՀ կառավարության ղեկավարը մասնակցեց Մայնց քաղաքի «Գուտենբերգ» թանգարանում կազմակերպված հայ գրատպության 500-ամյակին նվիրված ցուցահանդեսին: Վարչապետ Սարգսյանը շրջել է ցուցասրահներով՝ ծանոթացել ներկայացված նյութերին: Շնորհակալություն հայտնելով երկրամասի վարչապետին և Մայնցի քաղաքապետ Միքաել Էմբլինգին` միջոցառմանը մասնակցելու և գաղափարի իրականացման հարցում ցուցաբերած աջակցության համար, Տիգրան Սարգսյանը հիշեցրել է, որ Հայաստանն այս տարի նշում է հայ գրատպության 500-ամյա հոբելյանը և այդ նպատակով կազմակերպվել են մի շարք միջոցառումներ: «Եվ խորհրդանշական է, որ մեր այդ միջոցառումների շարքն այսօր ավարտվում է այստեղ` Մայնց քաղաքում, գրատպության հիմնադիր Յոհանես Գուտենբերգի բարձր անունը կրող այս հրաշալի թանգարանում: Հայերի պարագայում գրատպությունը շատ ավելին էր, քան միայն վերածնունդի և լուսավորության գործիք: Անկախ պետականության բացակայության պայմաններում գիրքն ու տպագիր մամուլը, կրթությունն ու մշակույթն էր, որ հնարավորություն տվեցին մեր ժողովրդին պահպանել իր ինքնությունը: Հայերի համար գրատպությունն իր բացառիկ նշանակությամբ համադրելի է հինգերորդ դարի սկզբին տեղի ունեցած հայկական գրերի գյուտի հետ, որն ամուր հիմք ստեղծեց հայ ժողովրդի հետագա մշակութային և հոգևոր զարգացման համար»,- նշեց նա:

Պատկերացում կազմելու համար, թե ինչ կարևորություն է ունեցել գիրքը հայ ժողովրդի կյանքում, վարչապետ Սարգսյանը մեջբերում է կատարել «Նյու Յորք Թայմս» պարբերականում հայ գրատպության 500-ամյակին նվիրված մի հոդվածից. «Դարերի ընթացքում հայերի մոտ հատուկ վերաբերմունք է ձևավորվել գրքերի և դրանց պահպանման նկատմամբ: Գրիչները գրառումներ էին թողնում այն մասին, թե ինչպես պետք է ճիշտ խնամել և պահպանել գրքերը, ինչպես պետք է դրանք թաքցնել վտանգավոր պահերին, և նույնիսկ այն մասին, թե ինչպես փրկագնով ետ վերցնել գրքերը, երբ դրանք ընկել են սխալ մարդու ձեռքը»:

Ավարտելով խոսքը՝ Տիգրան Սարգսյանն իր երախտագիտությունն է հայտնել կազմակերպիչներին, «Գուտենբերգ» թանգարանին՝ հայկական մշակույթը գերմանական հասարակությանը ներկայացնելու այս բացառիկ հնարավորությունը ստեղծելու համար: